Oրենքներ և օգտակար նյութերՀետաքրքիր

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները

Հոդված 13. Տրանսպորտային միջոցների շահագործման թույլտվությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցների (բացառությամբ միջազգային երթեւեկությանը մասնակցող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից մինչեւ 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների) շահագործման թույլտվությունը, ներառյալ` պետական գրանցումը, փաստաթղթերի եւ գրանցման համարանիշերի հատկացումը, ինչպես նաեւ միջազգային երթեւեկության մեջ գտնվող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից մինչեւ 2 ամիս ժամանակով ներմուծած տրանսպորտային միջոցների գրանցումը կատարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցների միջազգային երթեւեկությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, համաձայնագրերով եւ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 14. Տրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները

1. Ճանապարհային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը եւ կահավորումը պետք է համապատասխանեն օրենսդրության, uտանդարտների, կանոնների եւ տեխնիկական շահագործման հրահանգների պահանջներին:

2. Ճանապարհային երթեւեկությանը մասնակցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում տրանսպորտային միջոցի սեփականատերը, այն օգտագործողը կամ օգտագործման իրավասություն ունեցող անձը:

Հոդված 15. Տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննությունը

1. Օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման թույլտվություն ստացած տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր պետական տեխնիկական զննության:

2. Տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության ժամկետը յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից օգոստոսի 31-ն է, բացառությամբ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, որոնց տեխնիկական զննության ժամկետներն են՝ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից ապրիլի 30-ը եւ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը:

Հոդված 16. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման ընթացքում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնական պահանջները

1. Տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման նորմերը, կանոնները եւ ընթացակարգը սահմանում է տրանսպորտային միջոցն արտադրող կազմակերպությունը՝ հաշվի առնելով դրա շահագործման պայմանները:

2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով առանձին կարգի տրանսպորտային միջոցներ կահավորվում են կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով:

Հոդված 17. Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը եւ կարգը

1. Ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե՝

ա) ակնհայտ կամ տեխնիկական միջոցների օգտագործմամբ երեւում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները, կամ տրանսպորտային միջոցի ընթացքը կամ տեղափոխվող բեռը, կամ վարորդը կամ ուղեւորներն իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթեւեկության անվտանգության համար.

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ տրանսպորտային միջոցը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.

գ) անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգների, անբավարար պայմանների մասին:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերից բացի, ոստիկանության ծառայողները կարող են տրանսպորտային միջոցները կանգնեցնել նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից լիազորած հատուկ միջոցառումներ անցկացնելիս:

3. Ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները կանգնեցնելու մասին պահանջը պետք է տրվի դեպի տրանսպորտային միջոցն ուղղված ցուցաձողի, կարմիր ազդանշանով սկավառակի կամ բարձրախոս սարքի միջոցով: Երթեւեկության մասնակիցների ուշադրությունն իր վրա հրավիրելու համար կարող է ազդանշան տրվել նաեւ սուլիչով: Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին եւ տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթարային իրադրություն:

4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է անհապաղ մոտենալ վարորդին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը եւ գրավոր արձանագրելով խախտումը` թույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթեւեկությունը, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասով եւ երկրորդ մասի «ա», «դ» եւ «ե» կետերով նախատեսված դեպքերի:

5. Ճանապարհի վիճակի կամ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհներին առաջացած վտանգների եւ (կամ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը:

6. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով եւ հինգերորդ մասով նշված գործողությունները կատարելուց հետո ոստիկանության ծառայողը թույլատրում է տրանսպորտային միջոցի հետագա երթեւեկությունը, եթե ի հայտ չեն գալիս սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա» կամ երկրորդ մասի «բ» կետերում նշված հիմքերը:

7. Ոստիկանության ծառայողը կարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրս գալ տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից, եթե՝

ա) անհրաժեշտ է վերացնել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը.

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.

գ) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով եւ անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթի գրառումների հետ.

դ) վարորդը կամ ուղեւորը կասկածվում են հանցագործություն կատարելու մեջ.

ե) անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցներին:

8. Երթեւեկության սահմանված արագության գերազանցման եւ տրանսպորտային միջոցների ապակիների գունամշակման ստանդարտների խախտումների համար պատասխանատվություն է առաջանում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ:

Հոդված 18. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելելու հիմքերը եւ կարգը

1. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե դրա վարորդը`

ա) տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում.

բ) տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունի, հավասարապես նաեւ տրանսպորտային միջոցը վարել է կեղծ կամ փոխված գրանցման համարանիշերով կամ առանց գրանցման համարանիշերի, գրանցման վկայագրի, վարորդական վկայականի կամ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի (լիազորագիր, ուղեգիր, երթուղային թերթիկ, ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն եւ այլն).

գ) զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից:

2. Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե`

ա) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում են հետախուզման մեջ.

բ) տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված ժամկետում պետական տեխնիկական զննություն չի անցել.

գ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է, չեն գործում արգելակային համակարգը, ղեկային կառավարումը, լապտերները եւ հետին եզրաչափային լույսերը (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչը (անձրեւի կամ ձյունաթափի ժամանակ), անսարք է կցման հարմարանքը (ավտոգնացքի կազմում), տեխնիկական միջոցների օգտագործմամբ երեւում է, որ անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը սահմանված նորմերից պակաս է.

դ) տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման համար կամ դրա մասնակիցն է.

ե) սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում գրանցված, ինչպես նաեւ ծանրաքաշ եւ (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը:

3. Սույն հոդվածի առաջին մասով եւ երկրորդ մասի «ա», «դ» եւ «ե» կետերով նախատեսված դեպքերում ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ, արձանագրել խախտումը եւ իր իրավասության սահմաններում տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք` դնել արգելանքի տակ:

4. Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 5-օրյա ժամկետում`

ա) վերացնում է արգելանքի վերցնելու պատճառները,ապա ոստիկանությունը անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.

բ) չի վերացնում արգելանքի վերցնելու ժամանակ արձանագրված խախտումները կամ վերացնելով արգելանքի վերցնելու ժամանակ արձանագրված խախտումները` տրանսպորտային միջոցը չի հանում պահպանվող հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցը տնօրինողից հաջորդող յուրաքանչյուր օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ(հաշվին):

Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման:

5. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգը սույն հոդվածի երկրորդ մասի «դ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցը արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տրանսպորտային միջոցի տնօրինողին ծանուցելուց 5 օր հետո:

6. Սույն հոդվածի երկրորդ մասի «բ» եւ «գ» կետերով նախատեսված դեպքերում կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը եւ հանել տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարանիշերը: Հանված համարանիշերը վերադարձվում են պետական տեխնիկական զննությունն անցնելուց կամ արձանագրված անսարքությունները վերացնելուց անմիջապես հետո:

7. Սույն հոդվածի երկրորդ մասի «բ» եւ «գ» կետերում նշված՝ տեխնիկական զննություն չանցած եւ անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցների համարանիշերը հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ՝ տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար, իսկ երկրորդ մասի «գ» կետում նշված մյուս դեպքերում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը տեղափոխվում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:

8. Երթեւեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող, կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցների հետագա շահագործումն արգելվում է` դրանք պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու միջոցով, եթե վարորդը տեղում չէ:

9. Վարորդի ոչ սթափ վիճակը որոշվում է սույն օրենքով եւ առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի սահմանած կարգով:

Հոդված 19. Ճանապարհային երթեւեկության կազմակերպման միջոցառումները եւ այդ ընթացքում անվտանգության ապահովման պահանջները

1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության եւ ճանապարհների թողունակության բարձրացման նպատակով ճանապարհային երթեւեկության կազմակերպման միջոցառումներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ ճանապարհը տնօրինող այլ անձինք:

2. Արգելվում է ի վնաս ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակի, ճանապարհների թողունակության բարձրացման եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման այլ միջոցառումների իրականացումը:

3. Ճանապարհային երթեւեկության անվտանգության համար իրական սպառնալիքի առաջացման դեպքում ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներով կամ հանրությանը մատչելի այլ ձեւերով անհապաղ տեղյակ է պահում դրա մասին:

Հոդված 20. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունների պաշտոնատար անձանց պարտականությունները

1. Տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու է կազմակերպության ղեկավարի նշանակած պաշտոնատար անձը, իսկ նրա բացակայության դեպքում՝ կազմակերպության ղեկավարը:

2. Տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) կազմակերպել վարորդների աշխատանքը.

բ) պահպանել վարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմը.

գ) վերլուծել եւ վերացնել իրենց պատկանող եւ (կամ) իրենց կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապար-հատրանսպորտային պատահարի, դրա հետեւանքների եւ (կամ) ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման պատճառները.

դ) ապահովել ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համապատասխանությունը եւ արգելել տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցի շահագործումը:

3. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ու շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց արգելվում է՝

ա) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցներն այնպիսի տեխնիկական անսարքություններով, որոնց առկայության դեպքում արգելվում է դրանց շահագործումը, կամ որոնք վերասարքավորված են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չեն, պետական տեխնիկական զննություն չեն անցել.

բ) թույլատրել տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում, ինչպես նաեւ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունեցող կամ սահմանված կարգով պարբերական բժշկական զննություն չանցած անձանց.

գ) հրահանգել տրակտորներով, ինքնագնացով եւ թրթուրավոր այլ մեքենաներով երթեւեկել ասֆալտե եւ ցեմենտբետոնե ծածկույթ ունեցող ճանապարհներով.

դ) երթուղի բաց թողնել տրանսպորտային միջոցը` առանց դրա տեխնիկական վիճակը եւ վարորդի առողջական վիճակը հավաստող նշագրումով փաստաթղթի:

Հոդված 21. Ճանապարհի եւ դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու անձանց պարտականությունները

1. Ճանապարհի եւ դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար եւ այլ անձինք պարտավոր են՝

ա) ճանապարհը եւ դրա ինժեներական կառույցները պահպանել երթեւեկության համար անվտանգ վիճակում՝ ապահովելով ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի եւ կանոնների պահանջները.

բ) անհապաղ միջոցներ ձեռնարկել` վերացնելու ճանապարհային երթեւեկության անվտանգությանը սպառնացող խոչընդոտը` անհրաժեշտության դեպքում ճանապարհի տվյալ հատվածում ժամանակավորապես սահմանափակելով կամ արգելելով ճանապարհային երթեւեկությունը.

գ) զանգվածային լրատվության միջոցներով, տեխնիկական միջոցների կամ տեղեկատու վահանակների օգտագործմամբ եւ (կամ) հանրությանը մատչելի այլ ձեւերով երթեւեկության մասնակիցներին տեղեկացնել ճանապարհային երթեւեկության կազմակերպման փոփոխության եւ (կամ) սահմանափակման, ներառյալ` ճանապարհային երթեւեկության նշանների փոփոխության մասին:

2. Ճանապարհի վրա աշխատանք կատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձը պարտավոր է այդ աշխատանքը կազմակերպել` ապահովելով ճանապարհային երթեւեկության անվտանգությունը: Ճանապարհի վրա աշխատանքի կատարման վայրը, ինչպես նաեւ այդ վայրում տեղակայված ճանապարհային մեքենաները, շինարարական նյութերը, կառուցվածքները եւ աշխատանքի կատարման համար անհրաժեշտ այլ առարկաները նշվում են համապատասխան ճանապարհային նշաններով, ուղղորդ կամ ցանկապատող սարքավորումներով, իսկ օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաեւ կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով:

3. Ճանապարհային աշխատանքներն ավարտելուց հետո անհապաղ ապահովվում է տրանսպորտային միջոցների եւ հետիոտների անվտանգ երթեւեկությունը:

Հոդված 22. Ճանապարհային երթեւեկության անվտանգության բժշկական
ապահովումը

Ճանապարհային երթեւեկության անվտանգության բժշկական ապահովումն իրականացնում են օրենսդրությամբ սահմանված կարգով դրա իրավասությունն ունեցող առողջապահական կազմակերպությունները կամ բժիշկները:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Back to top button
Close