ՃՈ-ի «փայլուն մտահղացումը». տեսուչն այսուհետ իրավասու է գանձել տուգանքը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՃՈ անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով, և ծառայության ընթացքում բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա այդպիսի տեսախցիկ են կրում: Ծառայության նման տեխնիկական հագեցումը թույլ է տալիս տեղում տուգանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին, ինչը ժամանակին կասեցվել էր՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նկատառումով: Քանի որ ներկայումս ողջ գործընթացը տեսաձայնագրվում է, Ճանապարհային ոստիկանը կարող է իրավախախտումն արձանագրելուց հետո տեղում գանձել նշանակված տուգանքը:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է նաև, որ դյուրակիր խցիկներով արված տեսաձայնագրությունը պահպանվում է 48 ժամ և քաղաքացիներին խնդրում է ճանապարհային ոստիկանի գործողությունների հետ անհամաձայնության դեպքում հնարավորինս արագ տեղեկացնել այդ մասին:
«Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն կոչ է անում բոլոր վարորդներին լինել զգոն, հետևել երթևեկության կանոններին և զերծ մնալ խախտումներից: Սակայն, այնուամենայնիվ, ՃՈ տեսուչի կողմից խախտում արձանագրելու դեպքում ԻՀԿ-ն վարորդներին հորդորում է տեղում չվճարել տուգանքը, քանի որ դա կարող է առաջ բերել կոռուպցիոն ռիսկեր: Փորձը ցույց է տվել, որ վարորդների մեծ մասը տուգանքը վճարելուց հետո այլևս շահագրգռված չէ բողոքարկել այն: Իսկ քանի որ տուգանքների մի մասը կրում է անօրինական բնույթ, ուստի խորհուրդ ենք տալիս չշտապել վճարման հարցում, այլ համոզվել, որ տուգանքն իսկապես արդարացի է, այնուհետև վճարել: Իսկ հակառակ պարագայում տեսուչի կայացրած որոշումը ենթակա է բողոքարկման: Այդ հարցում մենք պատրաստ ենք աջակցել ձեզ:
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]