Կարմիր գծերՆորություններ

Կարմիր գծերում կայանած մեքենային խփել ու փախել են: Փարքինգ Սիթին հրաժարվում է տեսանյութ տրամադրել

Երբևէ մտածել ե՞ք, որ կարմիր գծերում կայանելուց ու հեռանալուց հետո մեքենան վթարված կգտնեք: Այո, այո, օրը ցերեկով, տարածքի վերահսկման միջոցներով ապահովված կայանատեղում  հնարավոր է հարվածեն ձեր մեքենային ու այդպես էլ չկարողանաք գտնել մեղավորին:

Հայաստանում չես գտնի որևէ վարորդի, որ գոնե մեկ անգամ տուգանված չլինի կարմիր գծերում կայանման տուրքը չվճարելու կամ վճարումն ուշացնելու համար: Անգամ մի քանի վայրկյան ուշացումը անմիջապես արձանագրվում է և տուգանք նշանակվում: Դա կազմակերված է անթերի: Իսկ այդ կայանատեղերում մեքենաների հսկողություն բացարձակ չի իրականացվում, քանի որ կարևորը մեքենայի ապահովությունը չէ, այլ կայանման դիմաց գումար գանձելը: Լավ, ենթադրեք չեն վերահսկում, բայց տարածքում առկա տեսախցիկների արձանագրած տեսանյութը անհրաժեշտության դեպքում գոնե պե՞տք է տրամադրեն: Պարզվում է՝ ոչ…

 Ահա, թե ինչ է եղել իրականում…

Ինչպես տեղեկացանք վարորդ Էդգար Խաչատրյանից,  սույն թվականի մայիսի 27-ին, ժամը 12:00 սահմաններում վերջինս մեքենան կայանում է Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի տարածքին հարող վճարովի կայանատեղում և մտնում խանութ: Կես ժամ անց վերադառնալուց հետո մեքենան գտնում է վնասված վիճակում:

  

Է.Խաչատրյանի խոսքերով, նա անմիջապես ահազանգում է ՃՈ և տեղեկացնում այդ մասին: Տեսուչները մոտենում են, արձանագրություն կազմում դեպքի մասին և վարորդին հորդորում սպասել՝ արդյունքների մասին տեղյակ պահելու խոստմամբ: Օրերն անցնում են, իսկ ՃՈ-ն լռում է: Ստիպված Խաչատրյանն անձամբ է դիմում ՃՈ՝ տեղեկություն իմանալու ակնկալիքով: Եվ ի՞նչ է պարզվում: Պարզվում է ՃՈ-ն ցանկացել է Փարքինգ Սիթիի տեսախցիկների միջոցով պարզել տեղի ունեցածը: Սակայն Փարքինգ Սիթին հրաժարվել է տրամադրել դրանք՝ պատճառաբանելով, որ տեսանյութերը 15 օրից ավել չեն պահպանվում: Ընդ որում, ՃՈ-ից լսելով նման պատասխան, Խաչատրյանն անձամբ է փորձել պարզել, թե ինչու են Փարքինգ Սիթիում այդ կերպ պատասպանել ՃՈ-ին: Նրան պատասխանել են,  որ  ՃՈ-ն ուշ է դիմել, դրա համար տեսանյութը պահպանված չի եղել: Իսկ այդ «ուշ» ասվածը ընդամենը 15 օրն է:

ՃՈ-ին կարող ենք հուշել, որ այդ հատվածում կան Սեքյուրիթի Դրիմի կողմից տեղադրված տեսախցիկներ, ինչպես նաև բազմաթիվ խանութներ ու այլ օբյեկտներ, որոնք ևս կահավորված են տեսախցիկներով, և չի բացառվում, որ այդ օրվա տեսանյութերը իրենց մոտ դեռ պահպանված լինեն:

Իսկ Փարքինգ Սիթիին ցանկանում ենք տեղեկացնել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն վարչական ակտը հնարավոր է բողոքարկել այն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում: Այսինքն, Փարքինգ Սիթին պարտավոր է իր տեսախցիկների տեսանյութերը պահպանել առնվազն 2 ամիս՝ ելնելով իր շահերից: Իսկ թե ինչու են նման կերպ վարել այս դեպքում, կարող ենք 2 բացատրություն տալ. կամ օրենքից է անտեղյակ, կամ տուժած վարորդին չի ցանկանում աջակցել:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ անունից Փարքինգ Սիթիին «խնդրում ենք» մեկ անգամ ևս ուշադիր վերանայել տեսանյութերի արխիվը, գուցե պատահմամբ մայիսի 27-ի տեսանյութերը ջնջված չլինեն և կարողանա աջակցել մեղավոր վարորդին գտնելու գործընթացին:

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close