Ի՞նչ անել, եթե մեքենան ձեր անունով է, բայց դուք չեք վարում
Մեր օրերում շատ է պատահում, երբ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով մեքենան գրանցվում է մի մարդու անունով, իսկ այն տնօրինում և վարում է մեկ այլ մարդ: Այսինքն, ստացվում է մի իրավիճակ, երբ մեքենայի սեփականատերը դուք եք, բայց այն դուք չեք վարում :
Ահա նման անհամապատասխանության արդյունքում, խախտումների վերաբերյալ ծանուցումներն ստանում է ոչ թե մեքենան իրականում տնօրինողը՝ վարորդը, այլ մեքենայի սեփականատերը: Այս դեպքում հարց է առաջանում. Ինչ անել, եթե մեքենան իմ անունով է, բայց ես չեմ վարում և ցանկանում եմ ծանուցումները վարորդին հասցեագրվեն:
Եթե դուք էլ եք կանգնել նման հարցի առաջ, ապա համաձայն գործող կարգի, անհրաժեշտ է տուգանքի որոշումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում դիմում ներկայացնել Ճանապարհային ոստիկանություն, որպեսզի վերահասցեավորեն տվյալ վարչական ակտը մեքենայի իրական վարորդի անունով: Եթե, օրինակ, մեկ ամսվա մեջ ստացել եք թվով մեկից ավելի տուգանքի որոշումեր, որոնց 30 օրը դեռ չի լրացել, ապա կարող եք մեկ դիմումի մեջ ներառել այդ բոլոր որոշումները: Դիմում գրելուց հետո ձեր վրայից հանվում է տուգանքը և նոր որոշում է կայացվում դիմումում նշված անձի նկատմամբ: Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել մեքենայի սեփականատիրոջ անձնագրի պատճենը, ինչպես նաև մեքենան վարողի վարորդական վկայականի, անձնագրի և մեքենայի հաշվառման վկայագրի (տեխանձնագրի) պատճենը:
Մեկ կարևոր նկատառում ևս. դիմում ներկայացնելիս կազմեք նաև դիմումի երկրորդ օրինակը, որի վրա Ճանապարհային ոստիկանության համապատասխան աշխատակիցը կնշի դիմում ներկայացնելու ամսաթիվը և կվերադարձնի ձեզ: Այնուհետև www.police.am կայքում դուք կարող եք հետևել, թե արդյո՞ք տվյալ մեքենայի խախտումները նոր հասցեատիրոջն են ուղարկվում, թե ոչ:
Հեղինակ՝ Տիգրան Քեյան
Եղե՛ք տեղեկացված, իմացե՛ք բոլոր «Ինչ անել, եթե …» հարցերի պատասխանները www.tuganq.am կայքի «Ինչ անել, եթե» բաժնում:
[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row][vc_column width=”1/1″][minti_title][/minti_title][/vc_column][/vc_row]