Ամիսներ առաջ, վարորդ Տիգրան Գևորգյանին Ճանապարհային ոստիկանության տեսուչը տուգանել էր 10.000 դրամով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը (հոծ գիծը հատելը):
Տուգանք՝ հոծ գիծը հատելու համար
Վարորդը չի ընդունել իր կողմից խախտում կատարելու փաստը: Տեսուչը փորձել է հիմնավորել, որ վարորդը հոծ գիծ է հատել, սակայն այդ տեղանքում բացակայել է 1.3 գծանշումը: Նույնիսկ վարորդն իր կարատած խախտման տեսագրությունն է պահանջել, սակայն տեսուչի կողմից տրամադրված տեսանյութում ևս ոչ մի խախտում չի նկատվել:
Վարորդ Տ. Գևորգյանը համարելով, որ իմ նկատմամբ կայացված որոշումն անօրինական է և չի բխում գործող օրենսդրության պահանջներից, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ իր նկատմամբ կայացրած թիվ 763504 որոշումը անվավեր ճանաչելու պահանջով: Հայցադիմումը կցվում է: Դատարանը, ուսումնասիրելով հայցվորի ներկայացրած հիմնավորումներն ու փաստարկները, բավարարել է վերջինիս պահանջը և Ճանապարհային ոստիկանության տեսուչի կազմած որոշումն անվավեր ճանաչել: Դատական գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ինչպես տեսնում ենք (արդեն որերոդ անգամ) տեսուչներն էլ են սխալվում: Եթե գծանշման ակնհայտ բացակայությունը տեսուչները չեն նկատում, ապա երթևեկությունը խոչընդոտող և վտանգավոր իրադրություն ստեղծող վարորդների արարքներն էլ բնականաբար չեն նկատի: Իսկ այդ դեպքում իրենց առաքելությունն ինչու՞մ է կայանում, իրենք ի՞նչն են վերահսկում…