Գծանշում, թե՞ ճանապարհային նշան
Գծանշում, թե՞ ճանապարհային նշան
Կարծես թե հեշտ հարց, որին պետք է ճիշտ պատասխանի յուրաքանչյուր վարորդ, բայց արի ու տես, որ կարիք կա նորից կրկնելու և ինչու ոչ սովորելու նրանց նմանություններն ու տարբերություններն, առաջնայնությունը երկուսի առկայության դեպքում, ինչպես նաև կրկնել ճանապարհային նշանների և գծանշումների այբուբենը:
Ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են իմանալ և անշեղորեն պահպանել ճանապարհային նշանների և ճանապարհային գծանշումների պահանջները:
ճանապարհային նշանները
Եվ այսպես՝ ճանապարհային նշանները լինում են 8 տեսակի՝
- նախազգուշացնող,
- առավելության,
- արգելող,
- թելադրող,
- հատուկ թելադրանքի,
- տեղեկատվության,
- սպասարկման,
- լրացուցիչ տեղեկատվության
Վերջիններս արդեն իսկ բացատրում են իրենց նշանակությունը:
Ճանապարհային գծանշումները
Ճանապարհային գծանշումները բաժանվում են 2 խմբի` հորիզոնական, ուղղաձիգ:
Հորիզոնական գծանշումները դրանք երթևեկելի մասի վրա գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ են ու սահմանում են երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ: Հորիզոնական գծանշումը լինում են`
- մշտական, որը սպիտակ գույնի է, բացի` կանգառն ու կայանումն արգելող (1.4), կայանելն արգելող (1.10) և հետիոտնային անցումը ու հետիոտների շարժման ուղղությունը ցույց տվող գծանշումներից (1.14.1, 1.14.2), որոնք դեղին գույնի են, և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը ցույց տվող գծանշումներից (1.7), որոնք կարմիր գույնի են,
- ժամանակավոր, որը նարնջագույն է:
Ուղղաձիգ գծանշումը ճանապարհային կառույցների և կահավորման տարրերի վրա սև ու սպիտակ կամ կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ զոլերի զուգակցություն է, որը ցույց է տալիս դրանց եզրաչափերը և ծառայում որպես տեսողական կողմնորոշման միջոց:
Առաջին հայացքից թվում է, թե նշաններն ունեն առավելություն գծանշման նկատմամբ, իսկ ժամանակավոր նշաններն երկրորդային են և կարելի է նույնիսկ չնկատել դրանց: Բայց ո՛չ. ամենևին էլ այդպես չէ:
Հարկ է նշել, որ ճանապարհային նշանները և գծանշումները հավասարազոր են, և մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի: Բայց այս երկուսի նկատմամբ առավելություն ունեն ժամանակավոր տեղադրված ճանապարհային նշանը, որը տարբերակում են շարժական կանգնակի վրա տեղադրված լինելով, և ժամանակավոր նարնջագույն գծանշումը:
Այսինքն՝ որպիսի ճիշտ կողմնորոշվել, թե որ նշանին հետևել, ապա պետք է նախ իմանալ, թե որոնք են ժամանակավոր նշաններն ու գծանշումներն, այնուհետև սովորել տարբերակել դրանք մշտականներից և հետևել առաջնային նշանին:
Մեր սիրելի վարորդներին ևս մեկ անգամ խնդրում ենք լինել կարգապահ, տեղեկացված և անհրաժեշտության դեպքում ժամանակ առ ժամանակ չզլանալ ու վերհիշել ճանապարհային երթևեկության բոլոր նշաններն ու գծանշումները: