Արագաչափի տուգանքը «Վարորդի ընկեր» գրասենյակի ջանքերով բեկանվել է դատարանում:
Հարգելի ընթերցողներ, այս անգամ ուզում ենք ձեզ ներկայացնել նախադեպը չունեցող հաղթանակ «Վարորդի ընկեր» գրասենյակի գործունեության ընթացքում: Խոսքը վերաբերում է արագաչափ սարքով արձանագրված տուգանքի բեկանմանը: Ամիսներ առաջ Հրազդան քաղաքի տարածքում տեղակայված արագաչափը արագության գերազանցում էր արձանագրել Զառա Սահակյանի նկատմամբ, ով հղի վիճակում անձամբ վարելով իր մեքենան, ինքնազգացողության վատացման պատճառով փորձել էր արագ հասնել մոտակա վայր, որտեղ իրեն օգնություն ցույց կտային: Ահա արձանագրված խախտումը. PIN# 1679DGHEFHRZ:
Զ. Սահակյանը, տեղեկանալով իր նկատմամբ արձանագրված խախտման մասին, հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցվորը հայցադիմումում մասնավորապես անդրաձարձել է վարչական ակտում իրավական հիմնավորման բացակայությանը, միաժամանակ մեկնաբանելով իր կողմից արագության գերազանցման պատճառը: Զառա Սահակյանը դատավարության ընթացքում ներգրավվել է որպես վկա և ցուցմունքում նշել, որ ս.թ. օգոստոս ամսին Երևան-Սևան մայրուղու որոշակի հատվածում երթևեկելիս վատ է զգացել և արագ հասել է մոտակա հյուրանոց՝ օգնություն խնդրելու: Ինքնազգացողության վատացման պատճառը զարկերակային ճնշման անկումն է եղել:
Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված բոլոր հիմնավորումներն ու փաստարկները, բավարարել է Զառա Սահակյանի պահանջը և անվավեր ճանաչել Ճանապարհային ոստիկանության կազմած որոշումը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ դատարանը վճռի պատճառաբանական մասում հիմնական շեշտը դրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17-րդ հոդվածի վրա՝ ծայրահեղ անհրաժեշտություն. վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև սույն օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, սոցիալիստական սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:
Սա նշանակում է, որ եթե անգամ սույն օրենսգրքի համաձայն տվյալ արարքը ենթակա է տուգանման, այնուամենայնիվ, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով կատարած իրավախախման դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից: Դատական գործի մանրամասներին և վճռին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. ՎԴ/7049/05/16: