Արտաշիսյան փողոցում, 37 և 39 շենքերը հարող հատվածում, արդեն երկար ժամանակ է անբարեկարգ վիճակ է: Հսկայական փոսերը դարձել են բնականոն երթևեկության խաթարման պատճառ: Զարմանալի է, որ քաղաքապետարանի կամ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները այդ հատվածում երթևեկելիս «չեն նկատում» փոսի առկայությունը և համապատասխան քայլեր ձեռնարկում այն վերացնելու համար:
Արտաշիսյան 39 հատվածում դիտահոր է, որը թեթևակի ծածկված է, բայց անհարթության պատճառով խանգարում է երթևեկությանը:
Իսկ Արտաշիսյան 37 հասցեում, անմիջապես խաչմերուկում առաջացած փոսը բաց վիճակում է և լուրջ վտանգ է ներկայացնում վարորդների համար: Հավանաբար թաղամասի բնակիչների գաղափարն է եղել փոսի մոտ արկղ տեղադրել, որպեսզի վարորդները հեռվից նկատեն առաջացած խոչընդոտը և կարողանան շրջանցել:
Ինչպես մյուս դեպքերում, այս անգամ ևս «Վարորդի ընկեր» գրասենյակը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ տեղեկացնելով առաջացած խոչընդոտի մասին և խնդրել միջոցներ ձեռնարկել այն վերացնելու համար: Մինչ օրս քաղաքապետարանը չի արձագանքել: Փողոցում դեռևս անմխիթար վիճակ է: Հուսանք այն երկար չի տևի և առաջիկայում կտեսնենք բարեկարգված Արտաշիսյան փողոց:
Հիշեցնենք, որ «Վարորդի ընկեր» գրասենյակը ամիսներ առաջ դիմել էր քաղաքապետարան՝ Դավիթ Բեկ փողոցում առաջացած փոսը վերանորոգելու համար, իսկ վերջերս էլ նմանատիպ խնդրանքով դիմել էր Ռոսոտովյան փողոցում առաջացած փոսի վերանորոգման համար: ՈՒրախ ենք հայտնել, որ նշված և մնացած բոլոր դեպքերում քաղաաքապետարանը անհապաղ միջոցներ է ձեռնարկել առաջացած խնդիրները կարգավորելու համար: Հույս ունենք, որ այս անգամ ևս երկար չենք սպասի…
Հ.Գ.-Կրկին հիշեցնում ենք, որ նման երևույթների հանդիպելու դեպքում անպայման տեղեկացնեք մեզ՝ այդ խնդրի վերացմանը հետամուտ լինելու համար կամ ինքներդ առցանց դիմեք Երևանի քաղաքապետարան՝ տեղեկացնելով ծագած խնդրի մասին: