Ամիսը՝ Հուլիսի 2020

  • Տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը կհանվի՞: Փոփոխություններ են սպասվում:

    Ինչպես հայտնում է Իրավաբան.net կայքը` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ են կատարվել, որոնք վերաբերում են ավտոմեքենաների տեխնիկական զննությանը։

    Այս մասին կառավարությունը որոշում ընդունեց հուլիսի 13-ի նիստին։

    Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:

    Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները, ներառյալ` տվյալ լիցենզիայի հիման վրա շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը, տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները:

    Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են 40 տեխնիկական զննության կայաններ: Ստեղծված է միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած և սարքին ճանաչված տրանսպորտային միջոցների ռեգիստր՝ պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Շտեմարանի տվյալները հասանելի են նաև Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությանը:

    Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում, սակայն փաստ է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացումը կրում է ձևական բնույթ, քանի որ տեխնիկական զննության կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ տիրապետողը տրանսպորտային միջոցը չի ներկայացնում տեխնիկական զննության, իսկ ճանապարհային ոստիկանությունը վերահսկողությունն իրականացնում է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու մասով միայն: Այլ վերահսկողական մեխանիզմներ թե սեփականատերերի (տիրապետողների), թե կայանների նկատմամբ չկան:

    Փոփոխության համաձայն, տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը կհանվի: Այժմ նախատեսվում է վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով: Տեխնիկական զննության արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Այն նաև տպագրվում և տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տնօրինողին:  Ուստի դրա առկայությունը բավարար է տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար:

    Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալիս վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրում է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի  վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Համապատասխան տողում «0» թվի առկայությունը փաստում է տեխնիկական զննության կարգի պահանջների չկատարումը կայանի կողմից, որի «Պարամետր 1, 2. 3, 4» սյունակներում առկա «0»-ները փաստում են, որ տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը կատարվել է առանց արգելակային ստենդի վրա բարձրանալու:

    Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության  կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ  344-Ն որոշմամբ, համաձայն որի տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների հետևյալ հանգույցների ու համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներ`

    1. Արգելակային համակարգ
    2. Ղեկային կառավարում
    3. Արտաքին լուսավորման սարքեր
    4. Հողմապակու ապակե մաքրիչներ և ապակե լվացներ
    5. Անիվներ և դողեր
    6. Շարժիչը և դրա համակարգերը
    7. Կառուցվածքի այլ տարրեր
    8. Այլ աշխատանքներ

    Փոխարինման կենթարկվի նաև  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 344-Ն և 2011 թվականի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված կարգերը, որոնցով կնախատեսվի տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր լինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

    Արդյունքում ներկայիս 41 կետերից (62 ենթակետ) կմնա 27-ը (48 ենթակետ), որից 9-ը (36 ենթակետ) պարտադիր կլինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

    Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կրկնակի տեխնիկական զննության ներկայացվեն միայն 1-ին և 2-րդ կետերով հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո: Մնացած դեպքերում արատորոշման քարտում և էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները կամ թերությունները:

    20-օրյա ժամկետում ներկայանալու դեպքում տեխնիկական զննությունը կանցկացվի կոնկրետ թերության կամ անսարքության մասով և անվճար:

    Այսպիսով, ակնկալվում է․

    ա) բացառել տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ տիրապետողների կողմից տեխնիկական զննության կտրոն ձեռք բերելու և առանց տեխնիկական զննության կայան ներկայանալու հողմապակուն փակցնելով տրանսպորտային միջոցների շահագործումը,

    բ) վերահսկողություն իրականացնել ոչ թե կտրոնի առկայության կամ բացակայության, այլ տրանսպորտային միջոցի փաստացի տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու նկատմամբ` հիմք ընդունելով արատորոշման քարտի և էլեկտրոնային շտեմարանի տվյալները,

    գ) բացի տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ տիրապետողներին վարչական պատասխանատվության ենթարկելուց, սահմանել նաև վարչական պատասխանատվություն կայանների նկատմամբ տեխնիկական զննության գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:

    «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 15-րդ հոդվածում փոփոխություններ են կատարվել, որի համաձայն․

    1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում.

    2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ,  վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ և դրանց կցորդներ (կիսակցորդներ)՝ տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ.

    3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից  ավել, ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)՝   երկու տարին մեկ անգամ.

    4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավել տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ  (կիսակցորդներ),  մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)՝  տարին մեկ անգամ.

     5) թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.

     6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված արատորոշման քարտին  նշված ամսվա վերջին օրը:

    Շարունակությունը` Իրավաբան.net կայքում

Back to top button
Close