Տարին՝ 2020

  • Տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը կհանվի՞: Փոփոխություններ են սպասվում:

    Ինչպես հայտնում է Իրավաբան.net կայքը` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ են կատարվել, որոնք վերաբերում են ավտոմեքենաների տեխնիկական զննությանը։

    Այս մասին կառավարությունը որոշում ընդունեց հուլիսի 13-ի նիստին։

    Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:

    Կառավարության համապատասխան որոշումներով սահմանված են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը, լիցենզիայի պայմաններն ու պահանջները, ներառյալ` տվյալ լիցենզիայի հիման վրա շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակը, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը, տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տեխնիկական զննության ընթացքում տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներին ներկայացվող պահանջները, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները:

    Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են 40 տեխնիկական զննության կայաններ: Ստեղծված է միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած և սարքին ճանաչված տրանսպորտային միջոցների ռեգիստր՝ պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Շտեմարանի տվյալները հասանելի են նաև Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությանը:

    Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում, սակայն փաստ է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացումը կրում է ձևական բնույթ, քանի որ տեխնիկական զննության կտրոնը բանկերից ձեռք բերելուց հետո տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ տիրապետողը տրանսպորտային միջոցը չի ներկայացնում տեխնիկական զննության, իսկ ճանապարհային ոստիկանությունը վերահսկողությունն իրականացնում է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու մասով միայն: Այլ վերահսկողական մեխանիզմներ թե սեփականատերերի (տիրապետողների), թե կայանների նկատմամբ չկան:

    Փոփոխության համաձայն, տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը կհանվի: Այժմ նախատեսվում է վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով: Տեխնիկական զննության արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Այն նաև տպագրվում և տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տնօրինողին:  Ուստի դրա առկայությունը բավարար է տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար:

    Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալիս վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրում է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի  վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Համապատասխան տողում «0» թվի առկայությունը փաստում է տեխնիկական զննության կարգի պահանջների չկատարումը կայանի կողմից, որի «Պարամետր 1, 2. 3, 4» սյունակներում առկա «0»-ները փաստում են, որ տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը կատարվել է առանց արգելակային ստենդի վրա բարձրանալու:

    Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության  կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ  344-Ն որոշմամբ, համաձայն որի տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների հետևյալ հանգույցների ու համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներ`

    1. Արգելակային համակարգ
    2. Ղեկային կառավարում
    3. Արտաքին լուսավորման սարքեր
    4. Հողմապակու ապակե մաքրիչներ և ապակե լվացներ
    5. Անիվներ և դողեր
    6. Շարժիչը և դրա համակարգերը
    7. Կառուցվածքի այլ տարրեր
    8. Այլ աշխատանքներ

    Փոխարինման կենթարկվի նաև  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 344-Ն և 2011 թվականի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված կարգերը, որոնցով կնախատեսվի տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր լինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

    Արդյունքում ներկայիս 41 կետերից (62 ենթակետ) կմնա 27-ը (48 ենթակետ), որից 9-ը (36 ենթակետ) պարտադիր կլինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

    Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կրկնակի տեխնիկական զննության ներկայացվեն միայն 1-ին և 2-րդ կետերով հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո: Մնացած դեպքերում արատորոշման քարտում և էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները կամ թերությունները:

    20-օրյա ժամկետում ներկայանալու դեպքում տեխնիկական զննությունը կանցկացվի կոնկրետ թերության կամ անսարքության մասով և անվճար:

    Այսպիսով, ակնկալվում է․

    ա) բացառել տրանսպորտային միջոցների սեփականատերերի կամ տիրապետողների կողմից տեխնիկական զննության կտրոն ձեռք բերելու և առանց տեխնիկական զննության կայան ներկայանալու հողմապակուն փակցնելով տրանսպորտային միջոցների շահագործումը,

    բ) վերահսկողություն իրականացնել ոչ թե կտրոնի առկայության կամ բացակայության, այլ տրանսպորտային միջոցի փաստացի տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու նկատմամբ` հիմք ընդունելով արատորոշման քարտի և էլեկտրոնային շտեմարանի տվյալները,

    գ) բացի տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ տիրապետողներին վարչական պատասխանատվության ենթարկելուց, սահմանել նաև վարչական պատասխանատվություն կայանների նկատմամբ տեխնիկական զննության գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:

    «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 15-րդ հոդվածում փոփոխություններ են կատարվել, որի համաձայն․

    1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում.

    2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ,  վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ և դրանց կցորդներ (կիսակցորդներ)՝ տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում՝ 6 ամիսը մեկ անգամ.

    3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից  ավել, ներառյալ 10 տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)՝   երկու տարին մեկ անգամ.

    4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավել տարվա արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղևորի մինչև 8 նստատեղ ունեցող բեռնաուղևորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ  (կիսակցորդներ),  մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)՝  տարին մեկ անգամ.

     5) թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.

     6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված արատորոշման քարտին  նշված ամսվա վերջին օրը:

    Շարունակությունը` Իրավաբան.net կայքում

  • <<Վարորդի ընկեր>>ը զգուշացնում է

    ԶԳՈւՇԱՑԵ՛Ք,
    Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգամ գողանում են մեքենայի պետհամարանիշները։
    Հարգելի՛ քաղաքացիներ, նման խնդրի առաջ կանգնելիս անհապաղ դիմեք ոստրկանություն։ Հիշեցնենք, որ զույգ պետհամարանիշները գողանալու դեպքում ճանապարհային ոստիկանությունը նույն պետհամարանիշը չի վերականգնում։

    Հ.Գ. նկարը Երևանում գողության իրական դեպքից է։

  • Բենզինի գները, ներկրողների շահույթն ու վերահսկողի դերակատարությունը

    2020 թվականի մարտի վերջին համաշխարհային շուկայում նավթի գները աննախադեպ իջել են,ինչի արդյունքում տեղի է ունեցել նաև նավթամթերքների գնի զգալի նվազում: Միջազգային բորսաներում առաջին եռամսյակում առկա 50-53 ԱՄՆ դոլարը մեկ բարել նավթի համար նվազել է մինչև 20 ԱՄՆ դոլար բարելի համար ապրիլին: Դա իր արտահայտությունն է գտել նավթամթերքների շուկայի գների անկման մեջ՝ ապրիլին բենզինն ու դիզելային վառելիքը նվազեցին միջինը շուրջ 50 տոկոսով (մարտի գների համեմատ):

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի շուկայում գործող խոշոր խաղացողները նավթամթերքը ներկրում են համաշխարհային գներին կապված բանաձևով՝ ենթադրվում էր, որ ՀՀ սպառողին առաջարկվող գները կնվազեն համապատասխանաբար:

    Ըստ ունեցած վիճակագրության, խոշոր ներկրողների համախառն շահույթն իրենց պատկանող բենզալցակայաններից իրացվող նավթամթերքից միջինը կազմում է մոտ 140 ԱՄՆ դոլար տոննայից, ելնելով 2020 թվականի առաջին եռամսյակում գործող միջին վիճակագրական նավթամթերքի գնման արժեքից (մոտ 653 $/տն.), վճարվող ակցիզային հարկից (մոտ 96 $/տն. ) ու փոխադրման վճարից (մոտ 25 $/տն. ) և բենզալցակայաններում գործող միջին վիճակագրական վաճառքի գնից (մոտ 914 $/տն.):

    Նույն կազմակերպությունների՝ ապրիլի ընթացքում ձևավորված համախառն շահույթը կազմում էր շատ ավելին՝ մոտ 230 ԱՄՆ դոլար, նույնիսկ հաշվի առնելով բենզալցակայաններում տեղի ունեցած գնի նվազումը: Այսինքն, ձեռք բերելով նավթամթերքը մոտ 337 $/տն, վճարելով ակցիզային հարկ մոտ 133 $/տն. ) ու փոխադրման վճար (մոտ 25 $/տն. ), Ֆլեշ, CPS և Մաքս Օյլ ընկերությունները իրացնում են նավթամթերքը շուրջ  725 ԱՄՆ դոլարով (գները միջինացված են, ներկայացված են առանց ԱԱՀ), ինչը տալիս է հնարավորություն ունենալ հավելյալ միջինը 90 $/տն. կամ  մոտ 40 դրամ 1 լիտր վառելիքի վաճառքից: Սա նշանակում է, որ մանրածախ շուկայում վաճառվող վառելիքը Հայաստանում ապրիլին կարող էր ունենալ հատևյալ գները՝

    • պրեմիում տեսակի բենզին ՝ 290 դրամ/լիտր, այնինչ ապրիլին այն 330 դրամ էր մեկ լիտրի դիմաց
    • ռեգուլյառ տեսակի բենզին ՝ 270 դրամ/լիտր՝ 310 դրամի փոխարեն,
    • դիզելային վառելիք՝ 320 դրամ/լիտր՝  360 դրամի փոխարեն:

    Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ բենզալցակայաններում պետք է գործեին այն գները, որոնցով իրականացվում է մեծածախ վաճառք ՀՀ տարածքում: Ըստ այդմ, ունենալով 90 դոլար տոննայից գերշահույթ և վաճառելով միջին վիճակագրական ամսական 20 հազար տոննա, Ֆլեշ, CPS և Մաքս Օյլ ընկերությունների ապրիլ ամսվա գերշահույթը կազմել է շրուջ 1 800 000 ԱՄՆ դոլար:

    Մայիսի առաջին օրերին բենզալցակայաններում տեղի ունեցավ գների լրացուցիչ նվազում, սակայն հաշվի առնելով մայիս ամսվա համար նախատեսված նավթամթերքի գնման գները, այս ամիս ևս վերոնշյալ կազմակերպությունների մոտ ուրվագծվում է նման գերշահույթ: Այսինքն, բենզինը և դիզելային վառելիքը կարող է վաճառվել հետևյալ գներով՝

    • պրեմիում տեսակի բենզին ՝ 270 դրամ/լիտր՝  300-310 դրամի դիմաց
    • ռեգուլյառ տեսակի բենզին ՝ 250 դրամ/լիտր՝ 280-290 դրամի դիմաց
    • դիզելային վառելիք՝ 270 դրամ/լիտր՝  310 դրամի դիմաց:

    Այս ամենը հատկապես հատկանշական է այն ֆոնին, որ ՏՄՊՊՀ նախագահ Գ. Գևորգյանը վերջերս տված հարցազրույցում պաշտոնապես արձանագրեց, որ իր գլխավորած կառույցն ուշիուշով հետևում է շուկայում տիրող իրավիճակին և բացահայտում ապրանքների ոչ հիմնավորված գների բարձրացման յուրաքանչյուր դեպք՝ հավելելով, որ մրցակցության աճի արդյունքում  նավթամթերքի մանրածախ շուկայում տեղի է ունեցել գների զգալի անկում համեմատ 2018 թ. ապրիլ ամսվա, որից և օգտվում է վերջնական սպառողը: Որոշ ժամանակ անց ՏՄՊՊՀ կայքում տեղադրվել է հաղորդակցություն, ըստ որի Գ. Գևորգյանի ղեկավարած կառույցի շուկայական մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «նախորդ ամսին երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին»:

    Մեր վերոնշյալ վերլուծությունը ցույց է տալիս, որ մշտադիտարկումը չի կարողացել բացահայտել բենզինի ու դիզ. վառելիքի գնագոյացման ճիշտ բանաձևը, որի արդյունքում բենզինի ներկրման ու վաճառքի մենաշնորհից օգտվող ընկերությունները հիմա էլ գերշահույթ են ստանում:

    Հարց է առաջանում, թե ինչու՞ նման կարևոր գործառույթով օժտված կառույցը՝ ՏՄՊՊՀ-ն չի տիրապետում խոշոր ներկրողների կողմից նավթամթերքի ձեռքբերման գների ձևավորման մեխանիզմներին: Դրանց ծանոթ լինելու պարագայում՝ պարզ կդառնար, որ առնվազն անհեթեթ է ուղղիղ համեմատություն կատարել երկու տարվա վաղեմություն ունեցող գները ներկայումս բենզալցակայաններում առկա այսօրվա գների հետ, քանի որ նավթամթերքի գնման գները կապվածության մեջ են համաշխարհային գների հետ, իսկ 2018թ. ապրիլին գործող նավթամթերքի գինը կազմելով  767 $/տն.  արմատապես տարբերվել է սույն թվականի ապրիլի 337 $/տն գնից: Դրա հետ մեկտեղ, 2018 թ. գործող գները տնտեսավարողներին ապահովել են միջին վիճակագրական մոտ. 140 $/տն. շահույթ, ի տարբերություն 2020 թ.:

    Անհրաժեշտ է, որ ՏՄՊՊՀ-ն իրականացնի առավել խորն ուսումնասիրություններ շուկայում և հաշվարկի ոլորտում գործող խոշոր տնտեսվարողների շահութաբերությունը՝ բացահայտելով այս ամիսների գերշահույթները: Այլապես, նախորդ ժամանակաշրջանից մնացած շուկայի հիմնական խաղացողները, երկրում առկա տնտեսական ծանր պայմաններում, շարունակաբար կունենան գերշահույթներ:

    Ակնկալում ենք, որ ՏՄՊՊՀ-ն, որի առաքելություններից մեկն է սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը և խրախուսումը, պատշաճ կերպով կիրականացնի իր գործառույթները: Հանձնաժողովն առնվազն պետք է թույլ չտա, որ շուկայում գործող 3 խոշորագույն ներկրողները հակամրցակցային համաձայնության միջոցով ստանան գերշահույթներ՝ սպառողների հաշվին:

  • Կառավարությունը սահմանել է տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը

    Կառավարության որոշմամբ՝ մայիսի 7-ից ուժի մեջ է մտել է տրանսպորտային միջոցի հաշվառման ժամանակավոր փաստաթղթի ձևը։

    ՁԵՎ

    ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԻ

    ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

    Հաշվառման                                   մակնիշը,                                                  հաշվառմանհամարանիշը __________________ տիպարը ____________________________ վկայագիրը ___________________ՏՄ տեսակը _________________________________ թափքի տեսակը _____________________________________Թափքի համարը ___________________________ հենասարքի համարը ___________________________________Շարժիչի տեսակը ______________________________ շարժիչի համարը ___________________________________Շարժիչի հզորությունը (ԿՎտ/ձ.ու.) ___________ թույլատրելի առավելագույն զանգվածը (կգ) ________________Զանգվածը` առանց բեռնվածության (կգ) ____________ գույնը __________________________________________Թողարկման տարեթիվը _________ նույնացման համարը _______________________________________________Հաշվառման ամսաթիվը _____ _______________ 20   թ. ուժի մեջ է մինչև _____ _______________ 20   թ.Սեփականատերը __________________________________________________________________________________________________________________________________________________________________________________Հաշվառման կամ բնակության վայրը _________________________________________________________________________________________________________________________________________________________________Հատուկ նշումներ __________________________________________________________________________________________________________________________________________________________________________________Հայաստանի Հանրապետության ոստիկանության«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության__________________________________________________________________________________________________ _______________ Կ.Տ. _________________________ստորագրությունը                              ազգանունը_____ _______________ 20   թ.
  • Փողոցում ավտոմեքենայի թույլ տված խախտումն արձանագրելու համար կգործի հատուկ բջջային հավելված:

    Նկարելուց հետո 1 րոպեի ընթացքում նկարածը չուղարկելու դեպքում այն կչեղարկվի:

    ՀՀ ոստիկանությունը հստակեցրել է, թե ինչպիսին պետք է լինի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային հավելվածը: Դրանով ցանկացած քաղաքացի կարող է տեսանկարահանել կամ լուսանկարել իր արձանագրած խախտումն ու ուղարկել ոստիկաններին: Նոր հավելվածի տեխնիկական նկարագիրն ու հնարավոր սահմանափակումների մասին` կառավարության որոշման նախագիծն արդեն ներկայացվել են հանրային քննարկման: Երկուսի հեղինակն էլ ՀՀ ոստիկանությունն է:

    Նախագծերի համաձայն` խախտումները բջջային հեռախոսով արձանագրելու նոր կարգը հայաստանյան իրականություն կմտնի այն պահից, երբ բջջային նոր հավելվածը կհանձնվի շահագործման: Բայց դա պետք է լինի ամենաուշը 2021 թվականի հունվարի 1-ին:

    Ոստիկանության ներկայացրած այս նախագիծը հանրային հարթակում կքննարկվի մինչև մայիսի 15-ը, ապա կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

    Բջջային հավելվածը հանդիսանալու է պետության սեփականությունը, բայց այն մշակելու համար մրցույթ կհայտարարվի: Հավելվածի շահագործման ու խախտումների արձանագրման գործում կներգրավվեն մասնավոր ընկերություններ: Համակարգի սերվերը (իր պահոցով) գործարկելու և կառավարելու ծախսը, ոստիկանության հաշվարկով, կկազմի շուրջ 40 մլն դրամ: Ամեն տարի ևս 135 մլն դրամ էլ կծախսվի համակարգի շահագործումը ստանձնած մասնավոր ընկերությունների ու դրանց խախտումների արձանագրման կենտրոններին վճարելու համար:

    Այս գումարը, սակայն, ոստիկանության հաշվարկով, այնքան էլ մեծ չէ և կկազմի խախտումներ արած վարորդներից գանձվող ընդհանուր գումարի ընդամենը 30%-ը, քանի որ նոր համակարգի արդյունքում, ոստիկանության հաշվարկով, պետական բյուջեի եկամուտները կաճեն 450 մլն դրամով:

    Համեմատության համար նշենք, որ Հայաստանում տեսախցիկների տեղադրումից հետո 2017թ-ին տուգանքների չափը կազմել է 5 մլրդ, 2018-ին՝ 3,2, 2019-ին՝ 4,3 մլրդ դրամ:

    Փաստորեն, ոստիկանության հաշվարկով, ՀՀ քաղաքացիների՝ բջջային հավելվածներով ուղարկված խախտումները շուրջ 10%-ով կավելացնեն տարեկան գրանցվող խախտումների ընդհանուր թիվը:

    «Ներկայում տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում, այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային»

    ասված է ոստիկանության ներկայացրած նախագծի հիմնավորումներում:

    Ընդ որում` ըստ հեղինակների` խնդիրն առավել մտահոգիչ է ոչ թե մայրաքաղաքում, այլև Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար:

    Բջջային հավելվածի վերաբերյալ ոստիկանությունը հստակեցրել է նաև, որ այն պետք է ապահովված լինի տեսանկարահանման, լուսանկարահանման ու նույնիսկ անընդհատ նկարահանման ռեժիմներով, ավտոմատ կերպով արձանագրի նկարահանման ամսաթիվը, ժամը, րոպեն ու վայրկյանը՝ դրանք վերցնելով համակարգի սերվերից և բացառելով օգտատիրոջ կողմից հեռախոսի սխալ տվյալներ գրանցելու հնարավորությունը: Իսկ նկարահանման վայրի կոորդինատները կֆիքսի GPS համակարգը:

    Տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։ Տեսագրության 25 վայրկյանը լրանալուց համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ, և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։

    Իսկ լուսանկարահանման դեպքում ծրագիրը նույն խախտումից թույլ կտա կատարել առավելագույնը 5 լուսանկար:

    Ոստիկանությունը չի բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք հավելվածից օգտվելով` կփորձեն վատություն անել ինչ-որ մեկին՝ անընդհատ նրա ավտոմեքենան նկարելով ու ուղարկելով ոստիկաններին: Դրա համար ծրագիրը կունենա արգելափակման հնարավորություն ու կարգելափակի այն օգտատերերին, որոնք ամիսը 3 կամ տարին 30 անգամ կուղարկեն նույն ավտոմեքենայի նկարահանումները:

    Նման օգտատերերին հավելվածը կարող է արգելափակել 2 ամիս ժամկետով:

    Կարգելափակվեն նաև այն օգտատերերը, որոնք 2 անգամ նկարել են նույն ավտոմեքենան, բայց խախտում չի եղել, կամ 5 անգամ նկարել են մի ավտոմեքենա, որի պետհամարանիշը ոչ մի նկարում չի երևացել:

    Խախտումն արձանագրած քաղաքացուն էլ մտածելու համար երկար ժամանակ չի տրվելու: Եթե նա նկարելուց հետո 1 րոպեի ընթացքում չուղարկի նյութը, ապա արձանագրած խախտումը կչեղարկվի:

    Հիշեցնենք, որ կառավարության այս նոր որոշումների համար իրավական հիմքերը ստեղծվել էին դեռ 2019թ.-ի հոկտեմբերին, երբ խորհրդարանը համապատասխան փոփոխություններ էր կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»` 2008 թվականին ընդունված օրենքում։ Ինչը նշանակում է, որ կառավարության որոշումն ընդուվելուց հետո կմնա միայն տեխնիկական հարցերի լուծումն ու բջջային հավելվածի ստեղծումը: Դրանից հետո արդեն քաղաքացիները կկարողանան արձանագրել ծանոթ-անծանոթների կատարած խախտումներն ու ուղարկել համապատասխան մարմիններին:

  • Վարորդների 80%-ը կհրաժարվի օնլայնի համար լիցենզիա գնել, ծառայությունը կթանկանա. Utaxi-ի տնօրեն

    ՏԿԵ օրինագծի համաձայն՝ վարորդը կամ կազմակերպությունը կարող է գործակցել օնլայն տաքսիի հետ, եթե ունի համապատասխան լիցենզիա։ Դրա արժեքը 100,000 դրամ է։ Ըստ օրինագծի՝ օնլայն տաքսին իրավունք չի ունենա չլիցենզավորված որևէ վարորդի կամ կազմակերպության հետ գործունեություն ծավալել, հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի։

    PanARMENIAN.Net-ի հետ զրույցում Utaxi-ի ֆինանսական տնօրեն Արևշատ Ղիասյանը նշեց, որ եթե ընդունվի օնլայն տաքսիների վերաբերյալտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր օրինագիծը, ապա ՀՀ-ն կվերադառնա այն ժամանակներ, երբ գոյություն չունեին օնլայն տաքսի ծառայություններ և յուրաքանչյուրն ինքն էր իր համար սահմանում գին և սպասարկման որակ։

    Նրա խոսքով՝ օնլայն տաքսիների հետ գործակցող վարորդների 80-90%-ն անհատ են, այսինքն օրինագիծը ենթադրում է, որ շուկայի հենց այդ 80-90%-ը քանդվում է:

    «Այս պահին օնլայն տաքսիների հետ գործակցող վարորդների 80%-ն անհատ են, որոնց որակի վերահսկողությունն ապահովում է մասնավոր սեկտորը: Նախագծով, որքան հասկացանք, առաջարկվում է սահմանափակել տաքսիների վերահսկողությունը և պարզապես հարկային մուտքեր չկատարել պետբյուջե»,- ասաց նա:

    Ղիասյանը նշում է՝ այժմ օնլայն տաքսիներն իրենք են վերահսկում ծառայությունների որակը, նման օրինագծի ընդունման դեպքում անվճար տրվող լիցենզիաների որակի վերահսկողության մասով ևս խնդիրներ կառաջանան:

    «Անվճար տրվող լիցենզիաների դեպքում՝ անհատ վարորդների մեծ մասը չեն գնա վճարովի լիցենզիա ստանալու, արդյունքում կգործեն որպես անհատներ՝ իրենք իրենց համար գին և սպասարկման որակ սահմանելով: Միայն 15-20%-ը կորոշի ԱՁ կամ ՍՊԸ բացել: Օնլայն-տաքսիների գինը միանշանակ կբարձրանա, իսկ վարորդների թիվը կտրուկ կնվազի»,- ասում է Ղիասյանը։

    Սեփական տաքսին վարելու համար, ըստ օրինագծի՝ քաղաքացին կարող է նաև անվճար լիցենզիա ստանալ: Միայն թե այդ դեպքում իրավունք չի ունենա գործելու միջնորդավորված՝ չի կարողանա գործակցել օնլայն տաքսիների կամ միջնորդ ընկերությունների հետ:

    Ղիասյանի խոսքով՝ նախագիծը դժվարություն է առաջացնելու նաև օնլայն-տաքսի ծառայությունների հետ աշխատող վարորդների համար, որոնց մեծ մասն էլ կբախվի բազմաթիվ խնդիրների, ինչպես, օրինակ՝ հաշվապահությունն իրականացնելու հարցը:

    «Մենք կողմ ենք ոլորտի իրավական կարգավորմանը, սակայն չենք ընդունում այն մոտեցումները, որոնք կիրառվում են դրա համար, առավել ևս, որ առաջարկվել էին կարգավորման առավել արդյունավետ մոտեցումներ»,- ասում է Ղիասյանը։

    Աղբյուր’ http://panarmenian.net/m/arm/news/280795?fbclid=IwAR3PlVOS0zMwMQTrmSq2BUkQfsXWve6_yH_Hz0XOTxm3zdRGSFqxXQBg16s

  • Վարորդները կարող են տուգանվել կատալիզատոր չունենալու համար

    Շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, ըստ որի, առաջարկվում է ՎԻՎՕ-ում լրացում կատարել և վարորդներին տուգանել մեքենան առանց կատալիզատորի վարելու համար: Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին տուգանել 300,000 դրամի չափով իսկ պաշտոնատար անձանց՝ 500,000։ Տուգանքի չափը սահմանվել է իբրև հաշվի առնելով ապամոնտաժված կատալիտիկ շուկայական միջին գինը` մոտ 300,000 դրամ։

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

    ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ

    ՄԱՍԻՆ

              Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 82.1-րդ հոդվածով.

              «Հոդված 82.1. 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված և հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը առանց չեզոքացման համակարգի (կատալիտիկ չեզոքացուցիչների)՝

              առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

              Նույն խախտումը, որը կատարվել է կրկին` վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

              առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

              Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։Նախագիծ

    Մանրամասների և քվեարկության. համար անցեք` https://www.e-draft.am/projects/2388/about հղմամբ:

  • Մարտի 28-ի դրությամբ ոստիկանության ստուգումների արդյունքները

    Ստուգումների արդյունքները մարտի 28-ի ժամը 9-ից 12-ի դրությամբ

    Մարտի 28-ին, ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 147 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 28-ի ժամը 12-ը՝ 1889 անձի նկատմամբ, 941-ը՝ մայրաքաղաքում, 948-ը՝ մարզերում։
    Մարտի 28-ին ժամը 9-ից 12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 92 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 28-ի ժամը 12-ը՝ 1843 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
    Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 48 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

  • Որքա՞ն ուղևորափոխադրման կանոնները խախտած վարորդ է հայթնաբերվել մարտի 27-ի դրությամբ

    Մարտի 27-ին ժամը 9-ից 21-ը, Ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 462 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 21-ը՝ 1722 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
    Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 44 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
    Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Back to top button
Close