Ամիսը՝ Հոկտեմբերի 2017

  • Շուտով անհատական տաքսիները այլևս չեն լիցենզավորվի: Օրենքի փոփոխությունը մշակման փուլում է

    Ի՞նչ է սպասվում անհատ տաքսիներին…

    Ինչպես տեղեկացանք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից, ՀՀ մի շարք իրավական ակտերում փոփոխություն է նախատեսվում, որը, մեղմ ասած, այդքան էլ հաճելի չէ հատկապես անհատական տաքսիների համար: Պատճառաբանելով, որ ներկայիս գործող օրենսդրությունը անհավասար պայմաններ է նախատեսում մինչև 4 և 4-ից ավելի մեքենաներ ունեցող տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ համար (քանի որ առաջին դեպքում նախատեսված է 100000 ՀՀ դրամ պետտուրք, իսկ 2-րդ դեպքում՝ 200000 ՀՀ դրամ), մեր կառավարությունը որոշել է «մեծահոգաբար» հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար: Նոր օրինագծով յուրաքանչյուր մեքենայի համար նախատեսվում 10000 ՀՀ դրամ լիցենզիայի տուրք: Ընդ որում, այսուհետ կլիցենզավորվեն միայն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, իսկ անհատական տաքսիները չեն լիցենզավորվի: Վերջիններս կարող են տաքսի ծառայություն մատուցել մինչև իրենց տրամադրված լիցենզիայի ժամկետի ավարտը: Ի դեպ, իբրև օգտակար քայլ, ոլորտի բոլոր տնտեսվարողների գործունեությունը կհամարվի աշխատանքային ստաժ, նրանք կվճարեն պարտադիր սոցվճար, ինչը հետագայում կհաշվարկվի նրանց կենսաթոշակի անցնելիս: Բացի այդ, նրանք հնարավորություն կստանան ապառիկ կարգով ապրանքներ ձեռք բերել:

    Հարկ է նշել, որ ոլորտի անվտանգությունն ու սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է սահմանափակել տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տարիքը: Նոր լիցենզավորված կազմակերպությունները պետք է ներկայացնեն մինչև 6 տարեկան մեքենաներ, իսկ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը բոլորը պարտավոր են փոխարինել տրանսպորտային միջոցները: Որպես պարտադիր պայման նշվում է նաև, որ 30 և ավելի ավտոմեքենաներ ունեցող կազմակերպությունները պետք է ունենան հաշմանդամների համար նախատեսված  1 մեքենա, և այդ մեքենայի մասով կազատվեն լիցենզիայի տուրքից:

    Դե, ինպչես գիտենք, եթե օրինագիծը մշակման և փոփոխման փուլում է, ապա դրա հաստատումը գրեթե անխուսափելի է: Ուստի բազմաթիվ տաքսիստներ մոտ ապագայում անգործության կմատնվեն:

    Մանրամասները՝ վերոնշյալ հղմամբ:

Back to top button
Close