Ամիսը՝ Հունիսի 2017

  • Սերգեյ Ղահրամանյանի ահազանգից հետո քարուքանդ դիտահորերը սկսեցին վերանորոգել

    Ինչպես նախորդիվ ներկայացրել ենք մի քանի անգամ, որպես շարունակություն ուզում ենք ներկայացանել նոր և բարի նորություններ: Ինչպես գիտեք «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն ոչ միայն զբաղվում է տուգանքների բողոքարկմամբ, այլև նրա ուշադրության կենտրոնում է նաև ճանապարհների վիճակը և երթևեկության անվտանգությունը: Բայց մինչ անցնենք բուն բովանդակությանը, ցանկանում ենք տեղեկացնել, որ պետք չէ լինել այդքան անտարբեր ձեր և ձեր շրջապատի նկատմամբ, քանի որ ցանկացած խոչընդոտ անմիջապես անդրադառնում է ձեր իսկ անվտանգության վրա:
    Ահա այդպիսի դեպք, երբ այնպես էր ստացվել, որ երկու դիտահորերը, որոնցից մեկը ամբողջությամբ վերացած էր, իսկ մյուսը օր օրի ավիրվրում էր, նույն ճանապարհի վրա էին, մեկը Ռոստովյան փողոցում, մյուսը՝ Դավիթ Բեկ:

    Ռոստովյան փողոցի կիսաքանդ դիտահորը

          

    Դավիթ Բեկ փողոցի ավիրված դիտահորը

      

    Բարեբախտաբար այդ ճանապարհով էր անցնում Վարորդի Ընկերի համահիմնադիր և Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ղահրամանյանը: Նկատելի էր, որ դրանցից մեկն արդեն մի քանի օր է սկսել է քանդվել, այսինքն՝ դիտահորը բաց չէր, սակայն ամեն մի մեքենայի անցնելուց հետո քանդվում էր և բնականաբար մոտակա օրերին վերջնականապես կքանդվեր և վնաս կպատճառեր, էլ չենք ասում մարդկային վնասի մասին: Իսկ մյուսն ամբողջության գոյություն չուներ, կարծես մի քանի հոգի նպատակային դիտահորը հիմնովին վերցրել և տեղափոխել էին, ընդ որում, այդ ամենը Ճանապարհային Ոստիկանության աչքի առաջ, այո այո, այն նույն ՃՈ-ի, ով պետք է հսկեր ճանապարհների անվտանգությունը: Այդ բաց դիտահորը գտնվում էր ՀՀ Ճանապարհային Ոստիկանության Երևանի հաշվառման քննական բաժնի անմիջապես դեմ դիմաց: Ասենք ավելին, պարզվեց մինչ Սերգեյի այդ հատվածով անցնելն ու արձագանքելը, այդ բաց դիտահորը արդեն 1-2 օր այդպես բաց է եղել, սակայն ոչ ոք չի արձագանքել: Թերացել են թե ՃՈ-ն, թե Երևանի քաղաքապետարանը: Սերգեյ Ղահրամանյան անմիջապես կապնվել է Երևանի քաղաքապետարանի հետ և մեկ օրվա ընթացքում այդ թերացումները սկսել են վերացնել: Ընդ որում, կիսաքանդված դիտահորը վերանորոգելու պահին կադրեր ունենք, իսկ ահա հաշվառման-քննական բաժնի դիմաց կարելի է ասել դիտահորը տեղադրված է, բայց ասֆալտապատված չէ: Կարծում ենք դա էլ կիրականացնեն:

    Ռոստովյան փողոցի դիտահորի նորոգման ընթացքը

      

    Եվս մեկ անգամ հորդորում ենք ՃՈ-ին և Երևանի քաղաքապետարանի պատկան մարմիններին դուրս գալ փողոցներ, շրջել և սեփական աչքերով տեսնել, որ Երևանի փողոցների մեծ մասը քարուքանդ է, դիտահորերը անմխիթար վիճակում, անհարթ, ինչի հետևանքով մեքենաները առավելապես տուժում են:

  • ՍԴ-ի իմպրովիզը կրկին չաշխատեց: Տեսնենք սրանից հետո ի՞նչ քայլեր կձեռնարկի

    Ձեզ ենք ներկայացնում ևս մեկ հաղթանակ, որը նորից ու նորից վերաբերում է տրանսպորտային միջոցի սխալ կայանմանը: ՃՈ թիվ 1705692967 որոշմամբ /PIN #17TZAGNSTWYZ/ վարորդ Գ. Հովհաննիսյանը տուգանվել էր 5000 ՀՀ դրամ՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար: Սակայն դատարանն այն անվավեր է ճանաչել: Մանրամասնենք որոշումն անվավեր ճանաչելու հանգամանքները:

    Նախ, անդրադառնանք «երկրորդ շարք» -ում կայանելն արգելվելու փաստին: ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններ»ի  9-րդ բաժնի  80-րդ կետի համաձայն  տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Այստեղ խոսք չի գնում «առաջին» կամ «երկրորդ» շարք հասկացությունների մասին, այլ խոսքը գնում է մեկ շարքով կայանելու մասին: Որևէ իրավանորմում չկա «երկրորդ շարք» հասկացություն, սակայն ՃՈ բազմաթիվ որոշումներում հանդիպում ենք այդ «հորինված» իրավախախտմանը: Եվ այդ «հորինված» իրավախախտման համար նշանակվում է տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով, որը սակայն նախատեսում է տուգանք կանգառի կանոնները խախտելու համար: Իսկ ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններ»-ի 9-րդ բաժնի 84-րդ կետով կանգառ չի կարելի կատարել միայն հետևյալ դեպքերում.

    1) մայթերին, բացառությամբ 61-րդ կետում նշված դեպքերի, ինչպես նաև տրամվայի գծերի վրա և անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.
    2) երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ.
    3) այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է.
    4) հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում.
    5) երթևեկելի մասի վրա` ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին և երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.
    6) խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).
    7) 1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ. այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար։

    Նշվածից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է կանգառն արգելող ութ դեպք, որոնցից յուրաքանչյուրի խախտման դեպքում որպես պատժամիջոց կիրառվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվությունը: Եվ ինչպես տեսնում ենք վերոնշյալ 8 դեպքերում էլ չի մատնանշվում «երկրորդ շարք»-ում կայանելն արգելվելը:

    Ահա այս և նմանատիպ մնացած բոլոր որոշումները հակասում են օրենքին, և հետևաբար համարվում են անօրինական: Այս մասին փաստում է նաև ՀՀ Վարչական դատարանի վճիռը՝  ՎԴ/1963/05/17 :

    Եվ քանի որ ՃՈ կազմած որոշումը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածին 1-ին մասի «ա» կետին՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին` և 57-րդ հոդվածի 1-ին պարբերությանը, այն է՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը,  դատարանը անվավեր է ճանաչել ՃՈ որոշումը և բավարարել վարորդի պահանջը:

  • ՃՈ-ն կարո՞ղ է տուգանել ամրագոտի չկապելու, ղեկին ծխելու և հեռախոսով խոսելու համար` հիմնվելով Սեքյուրիթի դրիմի կազմած արձանագրության վրա։

    Նախաբան.

    Երբ խոսքը գնում է ճանապարհին անվտանգության ապահովման մասին, կիրառելի է գրեթե ցանկացած միջոց, այսինքն՝ բոլոր այն միջոցները, որոնք չեն հանդիսանում մարդու իրավունքների խախտում։

    Իսկ ՃՈ-ն կարո՞ղ է տուգանել ամրագոտի չկապելու, ղեկին ծխելու և հեռախոսով խոսելու համար՝ հիմնվելով Սեքյուրիթի դրիմի տեսանյութների վրա


    Ասում են ՃՈ -ն «դրամահավաքի» նոր աղբյուր է գտել։ Իբր արդեն սկսելու են նկարել և տուգանել ղեկին հեռախոսով խոսացողներին, ծխողներին և ամրագոտի չկապած վարորդներին։ Ակամայից հարց է առաջանում. ինչպե՞ս են դա կազմակերպելու, քանզի նշված խախտումները ֆիքսելու միակ ձևը մեքենայի սրահը նկարելն է։
     
    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական իրավահարաբերություներում անձի իրավունքները և ազատությունները ավելի խիստ սահմանափակման են ենթակա, այս համատեքստում անտրամաբանական է խոսել այն մասին, որ վարչական իրավահարաբերություներում անձի իրավունքները, ազատություների պաշտպանության երաշխիքները ավելի թույլ են․․․ ուրեմն՝
     
    համաձայն ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
    Հոդված 6. Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները
    46) բնակարան` շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և ձեղնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը․
    Իսկ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի Ներքին դիտարկում բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կարող են իրականացնել տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: 2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով: Հաշվի առնելով ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը՝ այն կարող են իրականացնել միայն դատարանի թույլտվությամբ:

    Մասնավոր/անձնական կյանքի անձեռնմխելիության ամրագրում

    Հարկ ենք համարում նշել, որ տվյալ արձանագրությունները կարող են հիմք հանդիսանալ նաև մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման։

    ՀՀ Սահմանադրություն

    Անձնական կյանքի իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածում, որի համաձայն`

    «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

    Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:

    Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:

    Յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման և իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք:

    Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»:

    Մասնավոր կյանքի անձեռնմխելիության, ինչպես և անձի անձեռնմխելիությունը. բնակարանի անձեռնմխելիությունը ամ­րագրված է Մարդու իրավունքների հա­մընդհանուր հռչակագրում (հ. 12), Քա­ղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրում (հ. 17), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում (հ. 8)։ Վերջի­նումս, մասնավորապես նշվում է, որ «Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի (անձ­նական ու ընտանեկան կյանքի, բնակա­րանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք) իրականացմանը. բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրա­ժեշտ է ժողովրդավարական հասարա­կությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչ­պես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առող­ջության կամ բարոյականության պաշտ­պանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպա­նության նպատակով»:
    Ամփոփելով վերոնշյալը՝ մեքենայի սրահը կարող են նկարահանել միայն դատարանի թույտվությամբ։ Իսկ դատարանը իր հերթին պետք է ամեն վարորդի համար, ամեն նկարահանման դեպքի համար առանձին թույլտվություն տա։

    Իսկ եթե ղեկին մեքենայի սեփականատերը չէ․․․

    Կարևոր է նաև այն հանգամանքը, որ վարչական պատասխանատվության ենթարկվողը կարող է չհանդիսանալ մեքենայի անմիջական օգտագործողը, այսինքն մեքենայի սեփականատերը ստանա «ուրիշի ծխած ծխախոտի տուգանքը»․․․․
  • Առինջ գյուղի խաչմերուկում վերջապես տեղադրեցին երկար սպասված լուսացույցները

    Ամեն ինչ սկսվեց 2016թ հոկտեմբեր ամսին, երբ վարորդ և մտահոգ քաղաքացի Նարեկ Հակոբյանը առաջարկեց Առինջ գյուղի խաչմերուկում կազմակերպել կանոնավոր երթևեկություն, որպեսզի նվազեցվի վթարների քանակը: Հաշվի առնելով առաջարկությունը՝ «Վարորդի Ընկեր» ՀԿ-ի հիմնադիր անդամները այցելեցին Առինջ գյուղի տվյալ հատված և տեղում ծանոթացան իրավիճակին: Բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվեց ներկայացնել երթևեկության կարգավորման 2 տարբերակ` նախապատվությունը տալով լուսացույցի տարբերակին: Սույն առաջարկությամբ դիմում ուղարկվեց ՃՈ, Երևանի քաղաքապետարան ու ՀՀ Կապի, Տրանսպորտի և ՏՏ նախարարություն: Դիմումը կցվում է: Հուրախություն մեզ հենց այս (լուսացույցով լուծման) տարբերակն էլ ընդունվեց:

    Առինջ գյուղի խաչմերուկում առաջարկվող փոփոխությունը

           


    Նախաձեռնողներն այս հարցի լուծումն  ակնկալել էին հնարավորինս սեղմ ժամկետներում՝ քաղաքացիների համար անվտանգ երթևեկություն կազմակերպելու համար: Եվ ահա  8 ամիս անց վերջապես  տեդադրեցին երկար սպասված լուսացույցները:

    Շնորհակալ ենք, իհարկե, առաջարկությունն ընդունելու և լուսացույցներ տեղադրելու համար, բայց կարծում ենք այս գործընթացը կարելի էր ավելի արագ կերպ կազմակերպել, մանավանդ, երբ մեծ ծախսեր չէին պահանջվում: Ամեն դեպքում լավ է,  որ նախաձեռնողները դրական արդյունք տեսան:

    Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մեր երկրի այս դժվարին ժամանակաշրջանում կարելի է հասնել հաջողության և դրական փոփոխությունների՝ համառության և համբերության շնորհիվ:
    Երեկ Նարեկ Հակոբյանը կիսվեց այս լավ լուրով, ինչը բոլորիս ևս մեկ անգամ ապացուցեց, որ յուրաքանչյուրս էլ մեր երկրում կարող ենք ինչ-որ բան փոխել դեպի դրականը:

     Առինջ գյուղի խաչմերուկում տեղադրված լուսացույցները

     
             
Back to top button
Close