Ամիսը՝ Մայիսի 2017

  • ՃԵԿ կանոններից առանձնացված մի քանի կարևոր կետեր, որոնք վերաբերում են հետիոտներին

    «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբի ակտիվ անդամ Միսակ Արշակյանը դպրոցականների հետ հանդիպմանը ընդառաջ նշված խմբում շատ օգտակար նյութ է հրապարակել՝ առանձնացնելով ՃԵԿ-ի այն կարևոր կետերը, որոնց հետևելով՝ վարորդները կապահովեն հետիոտների անվտանգությունը : Մեջբերում եմ.

    «Ձեզ եմ ներկայացնում ՃԵԿ-ից առանձնացված բոլոր այն կետերը, որոնք առնչվում են հետիոտներին: Կարծում եմ օգտակար կլինի ծանոթանալ, առավել ևս դպրոցականների հետ վաղվա հանդիպումից առաջ.

    3) չստեղծել խոչընդոտ երթևեկության այլ մասնակիցների համար` երթևեկության մասնակիցներին ուղղված պահանջ, որի համաձայն նրանք չպետք է որևէ ձևով խոչընդոտեն. ուղևորներն ու հետիոտները` տրանսպորտային միջոցների, իսկ վարորդները` հետիոտների և այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը.

    5. Կախված գործածման նպատակից` լուսացույցները լինում են տրանսպորտային, հետիոտնային և հեծանվորդների երթևեկությունը կարգավորող, իսկ դրանց ազդանշանները` կլոր (առանց պատկերի), ինչպես նաև պատկերներով` սլաքի (սլաքների), հետիոտնի կամ հեծանիվի ուրվապատկերի տեսքով և «X»-աձև:
    1) կանաչ ազդանշանը թույլատրում է երթևեկությունը (կանաչ ազդանշանի գործողության ավարտին մնացած ժամանակի մասին (վայրկյաններով) վարորդներին և հետիոտներին տեղեկացնելու համար կարող են կիրառվել թվատախտակներ).
    2) կանաչ թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում, որ դրա գործողության ժամկետը լրանում է, և շուտով կմիանա արգելող ազդանշանը.
    3) դեղին թարթող ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում չկարգավորվող խաչմերուկի կամ հետիոտնային անցման առկայության, ինչպես նաև նախազգուշացնում որևէ վտանգի մասին.

    11. Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կիրառվում են հեծանիվի, իսկ հետիոտների տեղաշարժը` հետիոտնի ուրվապատկերների տեսքով լուսացույցի ազդանշաններ: Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացրած չափերի կլոր ազդանշաններով լուսացույց` հեծանիվի ուրվապատկերով ցուցանակի հետ միասին:

    18. Լուսացույցի (բացի դարձափոխայինից) կամ կարգավորողի արգելող ազդանշանի դեպքում վարորդը պետք է կանգ առնի «Կանգ-գիծ» գծանշման (կամ 6.16` «Կանգ-գիծ» նշանի) առջև, իսկ դրա բացակայության դեպքում`
    1) հատվող երթևեկելի մասի առջև` հաշվի առնելով կանոնների 93-րդ կետը, խոչընդոտ չստեղծելով հետիոտների համար.

    19. Դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 18-րդ կետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:

    20. Վարորդներն ու հետիոտները պետք է կատարեն կարգավորողի կարգադրությունների և ազդանշանների պահանջները, նույնիսկ այն դեպքերում, եթե դրանք հակասում են լուսացույցի ազդանշաններին ու ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջներին:

    38. Մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս՝ վարորդը պետք է ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ ճանապարհից մերձակա տարածք մուտք գործելիս` հեծանվորդներին: Երկու դեպքում էլ չպետք է ստեղծվի խոչընդոտ հետիոտների համար:

    50. Հետադարձն արգելվում է`
    1) հետիոտնային անցումների վրա.

    61. Արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը կողնակներով, մայթերով և հետիոտնային արահետներով՝ բացառությամբ կանոնների 81-րդ կետում նշված դեպքերում մայթեզրին կայանելու նպատակով մանևրելիս: Թույլատրվում է, այլ հնարավորության բացակայության դեպքում, ճանապարհային և կոմունալ սպասարկման ծառայությունների մեքենաներին երթևեկել, իսկ անմիջապես ճանապարհի կողնակների, մայթերի կամ հետիոտնային արահետների մոտ տեղակայված առևտրային և այլ օբյեկտներ սպասարկող տրանսպորտային միջոցներին` ամենակարճ ճանապարհով մոտենալ դրանց` խոչընդոտ չհանդիսանալով հետիոտներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը:

    77. Վազանցն արգելվում է.
    2) հետիոտնային անցումների վրա.

    84. Կանգառն արգելվում է`
    1) մայթերին, բացառությամբ 61-րդ կետում նշված դեպքերի,
    4) հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում.
    8) այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների.

    87. Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին:

    94. Վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած տրանսպորտային միջոցներին և չխոչընդոտի հետիոտներին ավարտելու խաչմերուկի անցումը, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:

    XI. ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ
    102. Կարգավորվող և չկարգավորվող հետիոտնային անցում հասկացությունները համանման են կարգավորվող և չկարգավորվող խաչմերուկ հասկացություններին, որոնք սահմանված են կանոնների 89-րդ և 95-րդ կետերով:

    103. Տրանսպորտային միջոցի վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտներին:

    104. Եթե որևէ տրանսպորտային միջոց չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ դանդաղեցրել է ընթացքը կամ կանգնել, ապա հարևան շարքերով ընթացող մյուս տրանսպորտային միջոցների վարորդները կարող են շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ այդ տրանսպորտային միջոցի առջևում հետիոտներ չկան:

    105. Կարգավորվող հետիոտնային անցումներում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո վարորդը պետք է հնարավորություն տա հետիոտներին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը:

    106. Հետիոտնային անցումից հետո խցանում առաջանալու դեպքում արգելվում է մուտք գործել անցում, եթե դա կհարկադրի վարորդին կանգնել հետիոտնային անցման վրա:

    107. Բոլոր դեպքերում, այդ թվում նաև՝ հետիոտնային անցումներից դուրս, վարորդը չպետք է խոչընդոտ ստեղծի երթևեկելի մասը հատող կույր հետիոտներին:

    108. Կույր հետիոտներն իրենց գործողությունների մասին պետք է ազդանշան տան սպիտակ ձեռնափայտով:

    119. Բնակելի գոտում հետիոտների տեղաշարժը թույլատրվում է ինչպես մայթերով, այնպես էլ երթևեկելի մասով: Բնակելի գոտում հետիոտներն ունեն առավելություն, սակայն նրանք չպետք է անտեղի խոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

    120. Բնակելի գոտուց դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն մյուս տրանսպորտային միջոցների վարորդներին և չստեղծեն խոչընդոտ հետիոտների համար:

    126. Վարորդները պետք է խոչընդոտ չստեղծեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառի կետում կանգնած ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցին մոտեցող կամ դրանից (դռների կողմից) հեռացող հետիոտներին, եթե իջնելն ու նստելը կատարվում է երթևեկելի մասից կամ երթևեկելի մասում գտնվող կանգառի հարթակից:

    1.22. «Հետիոտնային անցում». 5.19.1 և 5.19.2` «Հետիոտնային անցում» նշաններով և (կամ) 1.14.1 — 1.14.2 գծանշմամբ նշված հետիոտնային անցում.

    3.10. «Հետիոտների տեղաշարժն արգելվում է».4.4. «Հեծանվային արահետ». թույլատրվում է երթևեկել միայն մոպեդներով և հեծանիվներով: Մայթի կամ հետիոտնային արահետի բացակայության դեպքում հեծանվային արահետով կարող են երթևեկել նաև հետիոտները.

    4.5. «Հետիոտնային արահետ». թույլատրվում է միայն հետիոտների տեղաշարժը.5.19.1, 5.19.2. «Հետիոտնային անցում». անցման վայրում 1.14.1 — 1.14.2 գծանշումների բացակայության դեպքում 5.19.1 նշանը տեղադրվում է ճանապարհից ձախ, անցման հեռավոր, իսկ 5.19.2 նշանը` ճանապարհից աջ, անցման մոտակա սահմանի մոտ:
    5.33. «Հետիոտնային գոտի». վայր, որտեղից սկսվում է միայն հետիոտների տեղաշարժի համար թույլատրված տարածքը (ճանապարհի հատվածը).

    6.6. «Ստորգետնյա հետիոտնային անցում».
    6.7. «Վերգետնյա հետիոտնային անցում».
    8.15. «Կույր հետիոտներ». տեղեկացնում է, որ հետիոտնային անցումից օգտվում են կույրերը: Կիրառվում է 1.22, 5.19.1 և 5.19.2` «Հետիոտնային անցում» նշանների և լուսացույցների հետ.
    1.14.1, 1.14.2` «Զեբր»` ցույց են տալիս հետիոտնային անցումը: Գծանշման սլաքները (1.14.2) ցույց են տալիս հետիոտների շարժման ուղղությունը. »

    Ծանոթանալով վարորդների պարտականություններին, հարկ է նշել, որ հետիոտները ևս հանդիսանում են երթևեկության մասնակից և նրանք ևս պետք է հետևեն որոշակի կանոնների.

    Հոդված 25. Հետիոտների հիմնական պարտականությունները

    1. Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաև առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով երթևեկողները կարող են շարժվել երթևեկելի մասի եզրով, եթե դրանց երթևեկությունը խոչընդոտում է մայթերով և արահետներով շարժվող այլ հետիոտների:
    2. Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաև նրանցով երթևեկելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթևեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին՝ երթևեկելի մասի արտաքին եզրով):
    3. Հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:
    4. Երթևեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում ոչ ավելի, քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջևից և հետևից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ առջևից սպիտակ, իսկ հետևից կարմիր գույնի միացված լապտերիկներով:
    5. Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին և չափահասների ուղեկցությամբ:
    6. Հետիոտները պետք է երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ խաչմերուկներում՝ մայթերի կամ կողնակների ուղղությամբ:
    7. Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում և խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:
    8. Այն տեղերում, որտեղ երթևեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով: Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթևեկելի մաս` միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը և համոզվելով, որ անցումը անվտանգ է իրենց համար:
    9. Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետևից կարող են դուրս գալ, եթե միայն համոզված են, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:
    10. Դուրս գալով երթևեկելի մաս՝ հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է: Այն հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթևեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո:
    11. Կապույտ կամ կապույտ և կարմիր գույնի առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթևեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին և դրանցով ուղեկցվողներին` անհապաղ ազատելով երթևեկելի մասը:
    12. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և «մարդատար-տաքսի ավտոմոբիլի» թույլատրվում է սպասել միայն երթևեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մայթերին կամ կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթևեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթևեկելի մասը: (25-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն)

    Հոդված 26. Ուղևորների հիմնական պարտականությունները

    1. Ուղևորը պարտավոր է՝
    ա) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս ամրակապված լինել դրանցով, իսկ մոտոցիկլերով կամ այլ մոտոտրանսպորտային միջոցներով երթևեկելիս՝ կոճկված սաղավարտով.
    բ) տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո նստել և իջնել միայն մայթի կամ կողնակի կողմից, իսկ եթե դա անհնար է՝ երթևեկելի մասի կողմից, պայմանով, որ այն կկատարվի անվտանգ և խոչընդոտ չի ստեղծի երթևեկության մյուս մասնակիցների համար:
    2. Ուղևորին արգելվում է՝
    ա) վարորդի ուշադրությունը շեղել տրանսպորտային միջոցի ղեկավարումից.
    բ) կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում երթևեկելիս կանգնել, նստել թափքի կողերին կամ դրանցից բարձր գտնվող բեռի վրա.
    գ) երթևեկության ընթացքում բացել տրանսպորտային միջոցի դռները, ինչպես նաև դռները բացել կանգառի ժամանակ, եթե դա խոչընդոտ կստեղծի ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար.
    դ) երթևեկության ընթացքում դուրս կախվել (դուրս ցցվել) տրանսպորտային միջոցից կամ դուրս նետել ինչ-որ առարկաներ:

    Հ.Գ. Շնորհակալություն Միսակ Արշակյանին նման կարևոր ու օգտակար նյութ պատրաստելու համար:

  • Օրինապահ վարորդը տուգանվել է այլ օրինախախտ վարորդի փոխարեն: Հիմա ո՞վ է մեղավոր՝ տեսուչը, թե՞ արագաչափը:

    Չնայած «Վարորդի Ընկեր» ԻՀԿ ջանքերին և հորդորներին, Ճանապարհային ոստիկանությունը դեռ շարունակում է մեզ զարմացնել իր անհեթհեթ տուգանքներով: Նման շարունակական երևույթները ստիպում են մտածել, որ ՃՈ առաքելությունը ոչ թե երթևեկության կարգավորումը, երթևեկության մասնակիցներին իրազեկելն ու անհրաժեշտության դեպքում պատժելն է, այլ միայն տուգանելը, տուգանել ամեն կերպ ու ամեն գնով:

    Այս անգամ էլ օրինապահ վարորդը տուգանվել է այլ օրինախախտ վարորդի փոխարեն: Ահա վարչական տույժ նշանակելու մասին որոշումը. PIN #172BGPTVABJP:

    Տեսուչը «պարզել» և «որոշել է» տուգանել օրինապահ վարորդին

                       

    Անզեն աչքով էլ նկատելի է, որ խախտում արձանագրվել է 10RR555 պետհամարանիշերով Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ, իսկ վարչական վարույթ հարուցվել է 34QO196 պետհամարանիշով Nissan մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ: Ընդ որում, վարչական ակտ կազմող տեսուչը որոշման մեջ շատ վստահ շարադրել է. «համադրելով տեխնիկական միջոցի օգտագործմամբ ստացված լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշները իրավախախտման հատկանիշների հետ` ՊԱՐԶԵՑԻ….. և ՈՐՈՇԵՑԻ վարորդին տուգանել 2000 դրամ»: Եթե նկարում բոլորովին այլ մեքենա է այլ պետհամարանիշով, իսկ որոշումը կազմվել է մեկ այլ վարորդի նկատմամբ, ապա այդ դեպքում տեսուչն ի՞նչն է համադրել: Հիմա ի՞նչ, դիտավորություն, թե՞ սխալմունք: Էական էլ չէ, բայց նման երևույթների պատճառով բազմաթիվ վարորդներ են անհիմն տուգանվում, և շատ ու շատ դեպքերում էլ անտրտունջ վճարում են այդ անօրինական տուգանքները: Վարորդի՝ անգամ ամենաչնչին, նվազ նշանակության իրավախախտման դեպքում անհապաղ տուգանք են նշանակում: Իսկ տեսուչի նման անօրինական որոշման համար ո՞վ է վճարելու: Լավ, ենթադրենք, վարորդը բողոքարկեց և այս որոշումը բեկանվեց: Բայց վարորդին անհարմարություն պատճառելու, նրա ժամանակը անիմաստ վատնելու և վերջապես, տուգանք նշանակելու որոշումը ստանալու պահին վարորդի անհանգստության համար ո՞վ է փոխհատուցելու:

Back to top button
Close