Տարին՝ 2017

  • Հարցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

    ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
    պարոն Վահան Մարտիրոսյանին

    Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ
    պարոն Հենրիկ Նավասարդյանին

    Business support center 

    Տեղեկություն ստանալու հարցում 

     

    Հարգելի պարոն Վահան Մարտիրոսյան

    Խնդրում ենք տրամադրել տեղեկություն առ այն, թե ի՞նչ կարգավիճակ ունի ուղևորափոխադրումների գործունեությունը (տաքսի) Հայաստանում՝ խոշոր, միջին, փոքր թե՞ այլ տեսակի, և ի՞նչ աջակցություն է ցուցաբերում պետությունը այդ բիզնես ոլորտի զարգացման հարցում: Արդյո՞ք այս գործունեությունը Հայաստանում ( Երևանում, մարզերում) շահութաբեր բիզնես է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա ո՞ր դեպքում այն կարող է լինել շահութաբեր:

    Կանխավ շնորհակալություն:
    «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպություն

    Հարցման հեղինակ՝ Գենադի Գաբրիելյան

  • Տուգանքները շուտ մուծելու դեպքում վարորդները կօգտվեն 50% զեղչի հնարավորությունից

    Վերջապես զեղչերի համակարգ է ներդրվում վարչական տուգանքները ժամկետից շուտ վճարելու պարագայում:

    «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն է նախատեսվում, ինչը ենթադրում է, որ տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից (նշանակված տուգանքի մասին ծանուցվելուց) հետո ութ օրվա ընթացքում վճարում կատարվելու դեպքում կվճարվի վարչական ակտով նշանակված տուգանքի գումարի կեսը, բացառությամբ սահմանված կարգով տարաժամկետված, գանգատարկված եւ (կամ) բողոքարկված վարչական ակտերի, ինչպես նաեւ՝ 44.1-րդ, 44.2-րդ, 45-րդ, 46-րդ, 47-րդ, 47.1-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 89-րդ, 91-րդ, 92-րդ, 93-րդ, 110.2-րդ հոդվածներով, 124-րդ հոդվածի 26-րդ եւ 31-րդ մասերով, 126-րդ, 128-րդ, 176-րդ, 177-րդ, 205-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար նշանակված տուգանքների եւ 112.2-րդ հոդվածով, 124-րդ հոդվածի 14-րդ եւ 18–րդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար նշանակված տուգանքների: Սակայն չի մանրամասնվում այն դեպքերի մասին, երբ այդ տուգանքները անօրինական կերպով հրապարակվում են www.azdarar.am կայքում և 3 օր անց  դրանք համարվում են ծանուցված: 

    Միաժամանակ նախատեսվում է ժամկետների փոփոխություն: Մասնավորապես, վարչական իրավախախտում կատարողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: Այսինքն՝ տուգանքները վճարելու համար խախտողին տրամադրված է տասնհինգօրյա ժամկետ։

    Այստեղ սակայն չի սահմանվում, թե գանգատարկումից հետո բողոքը առանց բավարարման թողնելու դեպքում վարչական իրավախախտում կատարողը պետք է վճարի ամբողջ տուգանքը, թե տուգանքի կեսը, եթե նույնիսկ նա բողոքարկել է ծանուցվելուց հետո 8 օրվա ընթացքում: 

    Իսկ ի՞նչ է պետք ակնկալել այս փոփոխությունից: Ուրախանալ, թե՞ սպասել ավելի մեծաքանակ ծանուցումների: Չէ՞ որ  մեր պետության կողմից քաղաքացու հաշվին յուրաքանչյուր «խնայողություն» ակնկալում է մեկ այլ ուղղությամբ դրա փոխհատուցում:

    «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում նախատեսվող փոփոխությանը ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Շուտով անհատական տաքսիները այլևս չեն լիցենզավորվի: Օրենքի փոփոխությունը մշակման փուլում է

    Ի՞նչ է սպասվում անհատ տաքսիներին…

    Ինչպես տեղեկացանք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից, ՀՀ մի շարք իրավական ակտերում փոփոխություն է նախատեսվում, որը, մեղմ ասած, այդքան էլ հաճելի չէ հատկապես անհատական տաքսիների համար: Պատճառաբանելով, որ ներկայիս գործող օրենսդրությունը անհավասար պայմաններ է նախատեսում մինչև 4 և 4-ից ավելի մեքենաներ ունեցող տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ համար (քանի որ առաջին դեպքում նախատեսված է 100000 ՀՀ դրամ պետտուրք, իսկ 2-րդ դեպքում՝ 200000 ՀՀ դրամ), մեր կառավարությունը որոշել է «մեծահոգաբար» հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար: Նոր օրինագծով յուրաքանչյուր մեքենայի համար նախատեսվում 10000 ՀՀ դրամ լիցենզիայի տուրք: Ընդ որում, այսուհետ կլիցենզավորվեն միայն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, իսկ անհատական տաքսիները չեն լիցենզավորվի: Վերջիններս կարող են տաքսի ծառայություն մատուցել մինչև իրենց տրամադրված լիցենզիայի ժամկետի ավարտը: Ի դեպ, իբրև օգտակար քայլ, ոլորտի բոլոր տնտեսվարողների գործունեությունը կհամարվի աշխատանքային ստաժ, նրանք կվճարեն պարտադիր սոցվճար, ինչը հետագայում կհաշվարկվի նրանց կենսաթոշակի անցնելիս: Բացի այդ, նրանք հնարավորություն կստանան ապառիկ կարգով ապրանքներ ձեռք բերել:

    Հարկ է նշել, որ ոլորտի անվտանգությունն ու սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է սահմանափակել տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տարիքը: Նոր լիցենզավորված կազմակերպությունները պետք է ներկայացնեն մինչև 6 տարեկան մեքենաներ, իսկ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը բոլորը պարտավոր են փոխարինել տրանսպորտային միջոցները: Որպես պարտադիր պայման նշվում է նաև, որ 30 և ավելի ավտոմեքենաներ ունեցող կազմակերպությունները պետք է ունենան հաշմանդամների համար նախատեսված  1 մեքենա, և այդ մեքենայի մասով կազատվեն լիցենզիայի տուրքից:

    Դե, ինպչես գիտենք, եթե օրինագիծը մշակման և փոփոխման փուլում է, ապա դրա հաստատումը գրեթե անխուսափելի է: Ուստի բազմաթիվ տաքսիստներ մոտ ապագայում անգործության կմատնվեն:

    Մանրամասները՝ վերոնշյալ հղմամբ:

  • Ադրբեջանցի տաքսիստները լինելու են հայի ենթակայության տակ: Yandex Taxi-ն և Uber-ը կմիավորվեն

    Yandex Taxi և Uber ընկերությունները միավորվու՞մ են..

    Ինչպես գիտեք, Yandex Taxi-ն, որը հայկական շուկա է մտել 2016 թվականին, իր գործունեությունն սկսել է դեռևս 2011 թվականին՝ Մոսկվայում: Այնուհետև, բացի Հայաստանից, այն լայն տարածում է գտել նաև Ուկրաինայում, Բելառուսիայում, Ղազախստանում և Վրաստանում:
    Ինչպես հայտնել է  Yandex Taxi ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, վերջերս իրենց ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ամերիկյան Uber ընկերության հետ՝ միավորվել և դառնալ մեկ ընդհանուր ծառայություն: Վերջինս ևս հանդիսանում է առցանց տաքսի ծառայության հարթակ և ռուսական շուկա է մտել դեռևս 2013 թվականին: Uber-ն ու Yandex-ը մտադիր են նոր ընկերության համար լրացուցիչ ներդրում անել, համապատասխանաբար 225 մլն և 100 մլն դոլարի չափով՝ նոր միավորված ընկերությունը գնահատելով 3,725 մլրդ դոլար: Միավորումից հետո պատվիրելու համար 2 հավելվածներն էլ հասանելի են լինելու, իսկ վարորդները հնարավորություն կունենան տեսնել  և՛ Yandex Taxi-ի, և՛ Uber-ի պատվերները: Ընդ որում, հարթակի 59.3%-ը բաժին կհասնի Yandex-ին, 36.6%-ը Uber-ին, իսկ մնացած 4.1%-ը՝ երկու ընկերությունների աշխատակիցներին:
    Ընկերությունների միավորումը նախատեսվում է  ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, Բելառուսիայում, Ուկրաինայում, Ղազախստանում և Ադրբեջանում:

    Իսկ ի՞նչ է սա նշանակում:
    Ենթադրվում է, որ երկու ծառայությունների միավորման արդյունքում առցանց տաքսի ծառայությունը կգրավի պատվիրատուների ավելի մեծ ցանց, ինչը մեծապես կխանգարի մասնավոր տաքսիների գործունեությանը և կհանգեցնի նրանց եկամուտների կրճատմանը:
    Միաժամանակ, Ադրբեջանում այս 2 ընկերությունների միավորման արդյունքում Ադրբեջանի վարորդները ստիպված կլինեն աշխատել հայ ղեկավարի ենթակայության ներքո, քանի որ 2014թ-ից Yandex Taxi ընկերության գլխավոր տնօրենը հանդիսանում է Տիգրան Խուդավերդյանը:

    Սկզբնաղբյուրը՝ meduza.io:

  • Կարմիր գծերում կայանած մեքենային խփել ու փախել են: Փարքինգ Սիթին հրաժարվում է տեսանյութ տրամադրել

    Երբևէ մտածել ե՞ք, որ կարմիր գծերում կայանելուց ու հեռանալուց հետո մեքենան վթարված կգտնեք: Այո, այո, օրը ցերեկով, տարածքի վերահսկման միջոցներով ապահովված կայանատեղում  հնարավոր է հարվածեն ձեր մեքենային ու այդպես էլ չկարողանաք գտնել մեղավորին:

    Հայաստանում չես գտնի որևէ վարորդի, որ գոնե մեկ անգամ տուգանված չլինի կարմիր գծերում կայանման տուրքը չվճարելու կամ վճարումն ուշացնելու համար: Անգամ մի քանի վայրկյան ուշացումը անմիջապես արձանագրվում է և տուգանք նշանակվում: Դա կազմակերված է անթերի: Իսկ այդ կայանատեղերում մեքենաների հսկողություն բացարձակ չի իրականացվում, քանի որ կարևորը մեքենայի ապահովությունը չէ, այլ կայանման դիմաց գումար գանձելը: Լավ, ենթադրեք չեն վերահսկում, բայց տարածքում առկա տեսախցիկների արձանագրած տեսանյութը անհրաժեշտության դեպքում գոնե պե՞տք է տրամադրեն: Պարզվում է՝ ոչ…

     Ահա, թե ինչ է եղել իրականում…

    Ինչպես տեղեկացանք վարորդ Էդգար Խաչատրյանից,  սույն թվականի մայիսի 27-ին, ժամը 12:00 սահմաններում վերջինս մեքենան կայանում է Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի տարածքին հարող վճարովի կայանատեղում և մտնում խանութ: Կես ժամ անց վերադառնալուց հետո մեքենան գտնում է վնասված վիճակում:

      

    Է.Խաչատրյանի խոսքերով, նա անմիջապես ահազանգում է ՃՈ և տեղեկացնում այդ մասին: Տեսուչները մոտենում են, արձանագրություն կազմում դեպքի մասին և վարորդին հորդորում սպասել՝ արդյունքների մասին տեղյակ պահելու խոստմամբ: Օրերն անցնում են, իսկ ՃՈ-ն լռում է: Ստիպված Խաչատրյանն անձամբ է դիմում ՃՈ՝ տեղեկություն իմանալու ակնկալիքով: Եվ ի՞նչ է պարզվում: Պարզվում է ՃՈ-ն ցանկացել է Փարքինգ Սիթիի տեսախցիկների միջոցով պարզել տեղի ունեցածը: Սակայն Փարքինգ Սիթին հրաժարվել է տրամադրել դրանք՝ պատճառաբանելով, որ տեսանյութերը 15 օրից ավել չեն պահպանվում: Ընդ որում, ՃՈ-ից լսելով նման պատասխան, Խաչատրյանն անձամբ է փորձել պարզել, թե ինչու են Փարքինգ Սիթիում այդ կերպ պատասպանել ՃՈ-ին: Նրան պատասխանել են,  որ  ՃՈ-ն ուշ է դիմել, դրա համար տեսանյութը պահպանված չի եղել: Իսկ այդ «ուշ» ասվածը ընդամենը 15 օրն է:

    ՃՈ-ին կարող ենք հուշել, որ այդ հատվածում կան Սեքյուրիթի Դրիմի կողմից տեղադրված տեսախցիկներ, ինչպես նաև բազմաթիվ խանութներ ու այլ օբյեկտներ, որոնք ևս կահավորված են տեսախցիկներով, և չի բացառվում, որ այդ օրվա տեսանյութերը իրենց մոտ դեռ պահպանված լինեն:

    Իսկ Փարքինգ Սիթիին ցանկանում ենք տեղեկացնել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն վարչական ակտը հնարավոր է բողոքարկել այն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում: Այսինքն, Փարքինգ Սիթին պարտավոր է իր տեսախցիկների տեսանյութերը պահպանել առնվազն 2 ամիս՝ ելնելով իր շահերից: Իսկ թե ինչու են նման կերպ վարել այս դեպքում, կարող ենք 2 բացատրություն տալ. կամ օրենքից է անտեղյակ, կամ տուժած վարորդին չի ցանկանում աջակցել:

    «Վարորդի ընկեր» ԻՀԿ անունից Փարքինգ Սիթիին «խնդրում ենք» մեկ անգամ ևս ուշադիր վերանայել տեսանյութերի արխիվը, գուցե պատահմամբ մայիսի 27-ի տեսանյութերը ջնջված չլինեն և կարողանա աջակցել մեղավոր վարորդին գտնելու գործընթացին:

  • Թալան օրը ցերեկով: Կարմիր գծերը թանկանում են

    Օգոստոսից կարմիր գծերը թանկանում են …

    Հարգելի վարորդներ, կարմիր գծերին վերաբերող անօրինականությունները դեռ շարունակվում են, այն էլ նոր ձևաչափով:  «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի այսօրվա հայտարարությունը ցնցեց վարորդներին: Մինչ բոլոր իրավազեկ վարորդները պայքարում են «կարմիր գծեր» կոչված անօրինական տուրքի համար,  դրա արժեքին հիմա էլ ավելացնում են ինչ-որ հարկեր և միջնորդավճարներ: Մասնավորապես, կարճ հաղորդագրությամբ վճարման դեպքում նախկին 500 դրամի փոխարեն այժմ նախատեսվում է գանձել 748 դրամ, որից 124.6 դրամը միջնորդավճար, իսկ 123.4 դրամը՝ ԱԱՀ: Դե իհարկե, հնարամիտ տարբերակ քաղաքացիներից լրացուցիչ գումարներ շորթելու համար:

    Նախ, անդրադառնալով «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի գործունեությանը, նշենք, որ համաձայն «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում մատնանշված  թիվ 7  հավելվածի՝ ավտոկանգառների գործունեությունը հարկվում է արտոնագրային վճարով, այլ ոչ թե ԱԱՀ-ով: Եվ հետևաբար քաղաքացիներից ավտոկայանատեղի տուրքից բացի ԱԱՀ գանձելը համարվում է անօրինականություն: Միաժամանակ նշենք, որ  վերոնշյալ հավելվածի 14-րդ կետի համաձայն արտոնագրային վճարի համար սահմանված են  հետևյալ գործակիցները.
    3) Երևան քաղաքում վարսավիրական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 մ2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի գործունեության կազմակերպման համար` առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4, մյուս գոտիների համար` 1.05:
    Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
    5) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 2.5.
    6) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչև ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 0,5:

    Իսկ ավտոկանգառների գործունեության համար սահմանված են հետևյալ ամսական դրույքաչափերը.

    Գործունեության
      տեսակը
    Ելակետային      տվյալը      Արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը 1 միավորի (դրամ)
        Երևան 
    քաղաքում 
            մարզ-       կենտրոններում            Այլ    քաղաքներում       Այլ   վայրերում  Սահման.   գյուղեր       
    Ավտոկանգառների
    գործունեություն
        տարածք          600              120         120          60          30

    Եվ ահա, երևի թե ակնկալվող դժգոհություններից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանը շատ արագ «պարզաբանել է» Փարկինգի Սիթի-ի հայտարարությունը՝ պատճառաբանելով բջջային օպերատորների կողմից գանձվող հաղորդագրությունների արժեքները, միաժամանակ արդարացնելով, որ դա վերաբերում է միայն հեռախոսից ուղարկվող հաղորդագրություններին, իսկ կայանտեղերի մոտակայքում տեղակայված տերմինալներով վճարելիս միջնորդավճար և ԱԱՀ չի գանձվելու:

    Հարգելի քաղաքապետարան, անդրադառնալով ձեր պարզաբանմանը, տեղեկացնենք, որ այն ընդունելի և հիմնավոր չէ, քանի որ.
    1. Վարորդների մեծ մասը չի տիրապետում այդ տերմինալներից օգտվելու կանոններին, ու բացի այդ, ոչ ոք պարտավոր չէ իր ժամանակից ավելորդ րոպեներ վատնել ձեր տերմինալները գտնելու ու դրանով վճարում կատարելու համար, այն պարագայում, երբ այդ տերմինալները քաղաքի մի շարք փողոցներում անհնար է գտնելը. Կոմիտաս, Մամիկոնյանց, Հալաբյան և այլն, որոնք ողողված են կարմիր գծերով, բայց չկա դրանց վճարման համար նախատեսված ոչ մի տերմինալ:  Ցանկացած փոփոխություն անելուց առաջ նախ ստեղծե՛ք համապատասխան պայմաններ, այնուհետև կիրառեք դրանք: Խնդրում ենք վարորդների՝ առանց այդ էլ ոտնահարված իրավունքները կրկին մի ոտնահարե՛ք: Իսկ եթե այդքան վստահ եք, որ Փարքինգ Սիթին քաղաքի իր բոլոր կայանատեղերը կահավորել է համապատասխան տերմինալներով, ապա խնդրում ենք հրապարակել կայանատեղերի և դրանց մոտակայքում առկա բոլոր տերմինալների ցանկն ու հասցեները:
    2. Իսկ ինչ վերաբերում է SMS-ների համար գանձվող միջնորդավճարներին, հայտնում ենք, որ այսօր Հայաստանում բջջային կապը համարվում է ամենամատչելի ծառայություններից մեկը և մեծածավալ հաղորդագրությունների համար գանձվում է միջինում 4-5 դրամ 1 հաղորդագրության համար: Նմանատիպ ծառայություններից օգտվում են գրեթե բոլոր խանութները, ֆինանսական կազմակերպություները և ծառայություն մատուցող բազմաթիվ կառույցներ: Իսկ այս դեպքում 4-5 դրամ արժողությամբ SMS-ի դիմաց կազմող ԱԱՀ-ի գումարը 1 դրամը չի կարող գերազանցել: Ի դեպ, նախկինում բանկային հաշվի շարժի վերաբերյալ հաղորդագրությունների համար հաճախորդից  գանձվում էր առավելագույնը 10 դրամ, իսկ այժմ դա արվում է անվճար, և համոզված ենք, որ բանկերը այդ SMS-ների համար 124,6-ական դրամներ չեն վճարում, ինչպես Փարկինգ Սիթին է նախատեսում:

    «Վարորդի Ընկեր» ԻՀԿ-ն պահանջում է վերանայել ձեր կողմից նախատեսվող գնային փոփոխությունները, քանի որ դրանք հակասում են ՀՀ-ում գործող օրենքներին և բջջային ծառայությունների արժեքներին:

  • Սերգեյ Ղահրամանյանի ահազանգից հետո քարուքանդ դիտահորերը սկսեցին վերանորոգել

    Ինչպես նախորդիվ ներկայացրել ենք մի քանի անգամ, որպես շարունակություն ուզում ենք ներկայացանել նոր և բարի նորություններ: Ինչպես գիտեք «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն ոչ միայն զբաղվում է տուգանքների բողոքարկմամբ, այլև նրա ուշադրության կենտրոնում է նաև ճանապարհների վիճակը և երթևեկության անվտանգությունը: Բայց մինչ անցնենք բուն բովանդակությանը, ցանկանում ենք տեղեկացնել, որ պետք չէ լինել այդքան անտարբեր ձեր և ձեր շրջապատի նկատմամբ, քանի որ ցանկացած խոչընդոտ անմիջապես անդրադառնում է ձեր իսկ անվտանգության վրա:
    Ահա այդպիսի դեպք, երբ այնպես էր ստացվել, որ երկու դիտահորերը, որոնցից մեկը ամբողջությամբ վերացած էր, իսկ մյուսը օր օրի ավիրվրում էր, նույն ճանապարհի վրա էին, մեկը Ռոստովյան փողոցում, մյուսը՝ Դավիթ Բեկ:

    Ռոստովյան փողոցի կիսաքանդ դիտահորը

          

    Դավիթ Բեկ փողոցի ավիրված դիտահորը

      

    Բարեբախտաբար այդ ճանապարհով էր անցնում Վարորդի Ընկերի համահիմնադիր և Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ղահրամանյանը: Նկատելի էր, որ դրանցից մեկն արդեն մի քանի օր է սկսել է քանդվել, այսինքն՝ դիտահորը բաց չէր, սակայն ամեն մի մեքենայի անցնելուց հետո քանդվում էր և բնականաբար մոտակա օրերին վերջնականապես կքանդվեր և վնաս կպատճառեր, էլ չենք ասում մարդկային վնասի մասին: Իսկ մյուսն ամբողջության գոյություն չուներ, կարծես մի քանի հոգի նպատակային դիտահորը հիմնովին վերցրել և տեղափոխել էին, ընդ որում, այդ ամենը Ճանապարհային Ոստիկանության աչքի առաջ, այո այո, այն նույն ՃՈ-ի, ով պետք է հսկեր ճանապարհների անվտանգությունը: Այդ բաց դիտահորը գտնվում էր ՀՀ Ճանապարհային Ոստիկանության Երևանի հաշվառման քննական բաժնի անմիջապես դեմ դիմաց: Ասենք ավելին, պարզվեց մինչ Սերգեյի այդ հատվածով անցնելն ու արձագանքելը, այդ բաց դիտահորը արդեն 1-2 օր այդպես բաց է եղել, սակայն ոչ ոք չի արձագանքել: Թերացել են թե ՃՈ-ն, թե Երևանի քաղաքապետարանը: Սերգեյ Ղահրամանյան անմիջապես կապնվել է Երևանի քաղաքապետարանի հետ և մեկ օրվա ընթացքում այդ թերացումները սկսել են վերացնել: Ընդ որում, կիսաքանդված դիտահորը վերանորոգելու պահին կադրեր ունենք, իսկ ահա հաշվառման-քննական բաժնի դիմաց կարելի է ասել դիտահորը տեղադրված է, բայց ասֆալտապատված չէ: Կարծում ենք դա էլ կիրականացնեն:

    Ռոստովյան փողոցի դիտահորի նորոգման ընթացքը

      

    Եվս մեկ անգամ հորդորում ենք ՃՈ-ին և Երևանի քաղաքապետարանի պատկան մարմիններին դուրս գալ փողոցներ, շրջել և սեփական աչքերով տեսնել, որ Երևանի փողոցների մեծ մասը քարուքանդ է, դիտահորերը անմխիթար վիճակում, անհարթ, ինչի հետևանքով մեքենաները առավելապես տուժում են:

  • ՍԴ-ի իմպրովիզը կրկին չաշխատեց: Տեսնենք սրանից հետո ի՞նչ քայլեր կձեռնարկի

    Ձեզ ենք ներկայացնում ևս մեկ հաղթանակ, որը նորից ու նորից վերաբերում է տրանսպորտային միջոցի սխալ կայանմանը: ՃՈ թիվ 1705692967 որոշմամբ /PIN #17TZAGNSTWYZ/ վարորդ Գ. Հովհաննիսյանը տուգանվել էր 5000 ՀՀ դրամ՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար: Սակայն դատարանն այն անվավեր է ճանաչել: Մանրամասնենք որոշումն անվավեր ճանաչելու հանգամանքները:

    Նախ, անդրադառնանք «երկրորդ շարք» -ում կայանելն արգելվելու փաստին: ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններ»ի  9-րդ բաժնի  80-րդ կետի համաձայն  տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով` բացառությամբ այն տեղերի (երթևեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձևեր: Այստեղ խոսք չի գնում «առաջին» կամ «երկրորդ» շարք հասկացությունների մասին, այլ խոսքը գնում է մեկ շարքով կայանելու մասին: Որևէ իրավանորմում չկա «երկրորդ շարք» հասկացություն, սակայն ՃՈ բազմաթիվ որոշումներում հանդիպում ենք այդ «հորինված» իրավախախտմանը: Եվ այդ «հորինված» իրավախախտման համար նշանակվում է տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով, որը սակայն նախատեսում է տուգանք կանգառի կանոնները խախտելու համար: Իսկ ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններ»-ի 9-րդ բաժնի 84-րդ կետով կանգառ չի կարելի կատարել միայն հետևյալ դեպքերում.

    1) մայթերին, բացառությամբ 61-րդ կետում նշված դեպքերի, ինչպես նաև տրամվայի գծերի վրա և անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթևեկությունը.
    2) երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նաև էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա և դրանց տակ.
    3) այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի (բացառությամբ երթևեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մ պակաս է.
    4) հետիոտնային անցումների վրա և երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթևեկելի մասեր) 5 մ պակաս վայրում.
    5) երթևեկելի մասի վրա` ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին և երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.
    6) խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).
    7) 1.17 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ. այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթևեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որևէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար։

    Նշվածից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է կանգառն արգելող ութ դեպք, որոնցից յուրաքանչյուրի խախտման դեպքում որպես պատժամիջոց կիրառվում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվությունը: Եվ ինչպես տեսնում ենք վերոնշյալ 8 դեպքերում էլ չի մատնանշվում «երկրորդ շարք»-ում կայանելն արգելվելը:

    Ահա այս և նմանատիպ մնացած բոլոր որոշումները հակասում են օրենքին, և հետևաբար համարվում են անօրինական: Այս մասին փաստում է նաև ՀՀ Վարչական դատարանի վճիռը՝  ՎԴ/1963/05/17 :

    Եվ քանի որ ՃՈ կազմած որոշումը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածին 1-ին մասի «ա» կետին՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին` և 57-րդ հոդվածի 1-ին պարբերությանը, այն է՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը,  դատարանը անվավեր է ճանաչել ՃՈ որոշումը և բավարարել վարորդի պահանջը:

  • ՃՈ-ն կարո՞ղ է տուգանել ամրագոտի չկապելու, ղեկին ծխելու և հեռախոսով խոսելու համար` հիմնվելով Սեքյուրիթի դրիմի կազմած արձանագրության վրա։

    Նախաբան.

    Երբ խոսքը գնում է ճանապարհին անվտանգության ապահովման մասին, կիրառելի է գրեթե ցանկացած միջոց, այսինքն՝ բոլոր այն միջոցները, որոնք չեն հանդիսանում մարդու իրավունքների խախտում։

    Իսկ ՃՈ-ն կարո՞ղ է տուգանել ամրագոտի չկապելու, ղեկին ծխելու և հեռախոսով խոսելու համար՝ հիմնվելով Սեքյուրիթի դրիմի տեսանյութների վրա


    Ասում են ՃՈ -ն «դրամահավաքի» նոր աղբյուր է գտել։ Իբր արդեն սկսելու են նկարել և տուգանել ղեկին հեռախոսով խոսացողներին, ծխողներին և ամրագոտի չկապած վարորդներին։ Ակամայից հարց է առաջանում. ինչպե՞ս են դա կազմակերպելու, քանզի նշված խախտումները ֆիքսելու միակ ձևը մեքենայի սրահը նկարելն է։
     
    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական իրավահարաբերություներում անձի իրավունքները և ազատությունները ավելի խիստ սահմանափակման են ենթակա, այս համատեքստում անտրամաբանական է խոսել այն մասին, որ վարչական իրավահարաբերություներում անձի իրավունքները, ազատություների պաշտպանության երաշխիքները ավելի թույլ են․․․ ուրեմն՝
     
    համաձայն ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ
    Հոդված 6. Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները
    46) բնակարան` շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և ձեղնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը․
    Իսկ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի Ներքին դիտարկում բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կարող են իրականացնել տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: 2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով: Հաշվի առնելով ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը՝ այն կարող են իրականացնել միայն դատարանի թույլտվությամբ:

    Մասնավոր/անձնական կյանքի անձեռնմխելիության ամրագրում

    Հարկ ենք համարում նշել, որ տվյալ արձանագրությունները կարող են հիմք հանդիսանալ նաև մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման։

    ՀՀ Սահմանադրություն

    Անձնական կյանքի իրավունքը սահմանված է ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածում, որի համաձայն`

    «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

    Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով:

    Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:

    Յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման և իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք:

    Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»:

    Մասնավոր կյանքի անձեռնմխելիության, ինչպես և անձի անձեռնմխելիությունը. բնակարանի անձեռնմխելիությունը ամ­րագրված է Մարդու իրավունքների հա­մընդհանուր հռչակագրում (հ. 12), Քա­ղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրում (հ. 17), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում (հ. 8)։ Վերջի­նումս, մասնավորապես նշվում է, որ «Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի (անձ­նական ու ընտանեկան կյանքի, բնակա­րանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք) իրականացմանը. բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրա­ժեշտ է ժողովրդավարական հասարա­կությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչ­պես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առող­ջության կամ բարոյականության պաշտ­պանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպա­նության նպատակով»:
    Ամփոփելով վերոնշյալը՝ մեքենայի սրահը կարող են նկարահանել միայն դատարանի թույտվությամբ։ Իսկ դատարանը իր հերթին պետք է ամեն վարորդի համար, ամեն նկարահանման դեպքի համար առանձին թույլտվություն տա։

    Իսկ եթե ղեկին մեքենայի սեփականատերը չէ․․․

    Կարևոր է նաև այն հանգամանքը, որ վարչական պատասխանատվության ենթարկվողը կարող է չհանդիսանալ մեքենայի անմիջական օգտագործողը, այսինքն մեքենայի սեփականատերը ստանա «ուրիշի ծխած ծխախոտի տուգանքը»․․․․
  • Առինջ գյուղի խաչմերուկում վերջապես տեղադրեցին երկար սպասված լուսացույցները

    Ամեն ինչ սկսվեց 2016թ հոկտեմբեր ամսին, երբ վարորդ և մտահոգ քաղաքացի Նարեկ Հակոբյանը առաջարկեց Առինջ գյուղի խաչմերուկում կազմակերպել կանոնավոր երթևեկություն, որպեսզի նվազեցվի վթարների քանակը: Հաշվի առնելով առաջարկությունը՝ «Վարորդի Ընկեր» ՀԿ-ի հիմնադիր անդամները այցելեցին Առինջ գյուղի տվյալ հատված և տեղում ծանոթացան իրավիճակին: Բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվեց ներկայացնել երթևեկության կարգավորման 2 տարբերակ` նախապատվությունը տալով լուսացույցի տարբերակին: Սույն առաջարկությամբ դիմում ուղարկվեց ՃՈ, Երևանի քաղաքապետարան ու ՀՀ Կապի, Տրանսպորտի և ՏՏ նախարարություն: Դիմումը կցվում է: Հուրախություն մեզ հենց այս (լուսացույցով լուծման) տարբերակն էլ ընդունվեց:

    Առինջ գյուղի խաչմերուկում առաջարկվող փոփոխությունը

           


    Նախաձեռնողներն այս հարցի լուծումն  ակնկալել էին հնարավորինս սեղմ ժամկետներում՝ քաղաքացիների համար անվտանգ երթևեկություն կազմակերպելու համար: Եվ ահա  8 ամիս անց վերջապես  տեդադրեցին երկար սպասված լուսացույցները:

    Շնորհակալ ենք, իհարկե, առաջարկությունն ընդունելու և լուսացույցներ տեղադրելու համար, բայց կարծում ենք այս գործընթացը կարելի էր ավելի արագ կերպ կազմակերպել, մանավանդ, երբ մեծ ծախսեր չէին պահանջվում: Ամեն դեպքում լավ է,  որ նախաձեռնողները դրական արդյունք տեսան:

    Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ մեր երկրի այս դժվարին ժամանակաշրջանում կարելի է հասնել հաջողության և դրական փոփոխությունների՝ համառության և համբերության շնորհիվ:
    Երեկ Նարեկ Հակոբյանը կիսվեց այս լավ լուրով, ինչը բոլորիս ևս մեկ անգամ ապացուցեց, որ յուրաքանչյուրս էլ մեր երկրում կարող ենք ինչ-որ բան փոխել դեպի դրականը:

     Առինջ գյուղի խաչմերուկում տեղադրված լուսացույցները

     
             
Back to top button
Close