Oրենքներ և օգտակար նյութերԻնչ անել եթեՀետաքրքիր

16 օգտակար խորհուրդ փորձառու վարորդներից

           16 օգտակար խորհուրդ փորձառու վարորդներից

  1. Եթե ձեզ համընթաց գնացող մեքենայի ղեկին տարօրինակ ձևով մեքենան քշող վարորդ է (կարող է լինել սկսնակ, կամ վարորդական իրավունքի վկայականը  ծննդյան տարեդարձին նվեր ստացած մեկը), ապա փորձեք ետ մնալ, կամ վազանցեք արագ, վստահ լինելով, որ չի հասցնի որևէ մանևրով հարվածել ձեզ, կամ վթարային իրադրություններ ստեղծել ձեզ կամ երթևեկությանը մասնակից այլ վարորդների համար: Որոշ մարդկանց մեքենա քշելը իրադարձությունների երջանիկ զուգադիպությունների շարան է ընդամենը, ոչ ավել, ոչ պակաս:
  2. Օրվա լույս ժամերին թունել մտնելիս ինչքան հնարավոր է շուտ փորձեք ավտոմեքենան վարել մեկ աչքը փակ, իսկ երբ արդեն հասնեք թունելի մուտքին բացեք: Օգտվելով այս հնարքից կնկատեք, որ թունելը շատ մութ չէ, ինչպես նաև կունենաք բավարար տեսանլիություն: ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ: Իհարկե չմոռանանք լույսերի մասին, որը թունել մտնելիս անհրաժեշտ է միացնել:
  3. Խցանումների ժամանակ կամ լուսափորի տակ կանգնելիս, առջևից ընթացող մեքենայից միշտ պահպանեք այնպիսի հեռավորություն, որ հարկ եղած դեպքում առանց հետընթացի կարողանաք շրջանցել այն:
  4. Արգելակելուն հետ մեկտեղ միշտ աչք ածեք հայելուն, տեսեք` արդյո՞ք ձեզ թիկունքից կիպ ընթացող մեքենա չկա, որը գուցե չհասցնի այդպես արագ արգելակել: Այլ կերպ ասած` հիշեք, որ հաճախ ստիպված եք ձեր մեքենան վարելիս «վարել» երթևեկության մյուս մասնակիցների փոխարեն նույնպես:
  5. Հետիոտնին միշտ զիջեք, հարցը միայն տուգանքը չէ: Կան հատուկ պարապած «ավտոյի տակ ընկնողներ», որոշ վարորդներ սրանց «չնախատեսված ծախս» են անվանում: Բացի այդ, հետիոտնին զիջելուց մի մոռացեք միացնել վթարային ազդանշանները զգուշացնելու մնացած վարորդներին փողոցը անցնող հետիոտնի մասին;
  6. Երբեք մի օգտագործեք ալկոհոլ, եթե պետք է մեքենա վարեք: Միշտ հիշեք` խմած մեքենա վարելը, ստորություն է մերձավորների եւ այլոց նկատմամբ: Վստահ ենք, որ բազմիցս հանդիպած կլինեք մարդկանց, ովքեր կպնդեն որ “մեկ բաժակը բան չի անի”, “խմել եմ, բայց դանդաղ եմ վարում” և այլն, Ձեզ կարող ենք հավաստիացնել, որ դրանք միայն բառեր են, քանզի ալկոհոլի նույնիսկ նվազագույն քանակությունը առաջացնում է աչքերի պատկերների ֆոկուսացման արագության նվազեցում, լուսազգայունություն ինչպես նաև օրգանիզմի արձագանքման արագության նվազեցում:
  7. Լավ վարորդ լինելը ուղիղ համեմատական է ժամանակի ընթացքում բենզինի ծախսի նվազեցմանը, ինչը հնարավոր է արգելակման քանակների անվնաս նվազեցմամբ, եւ շարժիչի ծանրաբեռնվածության կտրուկ ավելացման բացառմամբ, պարզ ասած, կտրուկ գազ տալու խասիաթը, եթե ունեք` թարկեք:
  8. Սովորեք նայել դիմացից ընթացող մեքենայի միջով եւ/կամ մեքենայի տակից, վարորդները հաճախ փորձում են անպայման կողքից նայել, վազանցի կամ այլ բանի համար, ենթագիտակցորեն կաշկանդված են միջով նայելու համար, մանավանդ, երբ մեքենաների ապակիները մթնեցված են կամ վարագուրված, բայց, եթե վարագուրված չեն, կարելի է միջով նայել եւ տեսնել արդյո՞ք դրանից առաջ էլ մեքենա կա, կամ արյդո՞ք հանդիպակաց գոտուց մեքենաներ են գալիս, փորձեք նայել սովորել դիմացի մեքենայի միջով` շատ օգտակար է:
  9. Գիշերային ժամերին առանց լույսերի կամ առանց ետին լույսերի երթեւեկող կամ ճամփեքին ու ճամփեզրերին կայանած մեքենաները իսկական գելիոտիններ են, ականներ, երբեք չես իմանա, թե ում կյանքի կամ առողջության հաշվին են ապրում դրանց ապուշ վարորդները: Բազմաթիվ վթարներ եւ բախումներ են տեղի ունենում հենց այն պատճառով, որ 50-100 կմ/ժամ արագությամբ երթեւեկող վարորդները չեն հասցնում կտրուկ արգելակել կամ փախցնել իրենց մեքենան դիմացը անակնկալ հայտնված, կանգնած կամ մինչեւ 10-20 կմ/ժամ արագությամբ ընթացող ու լույսեր չունեցող մեքենայից, տրակտորից, կոմբայնից, զրահամեքենայից, բեռնատարից, հաճախ պատահում են մեքենաներ, որոնք ետեւից լույսեր ունեն, բայց այնքան են ցեխոտված, որ ուղղակի մինչեւ 20 մետր չմոտենաս` չեն երեւա, իսկ այս դեպքերում 50-100 կմ/ժամ արագությամբ ընթացող մեքենաների վարորդների եւ ուղեւորների համար սա ճակատագրական կարող է լինել:
  10. ՃՈ մեքենաներ տեսնելիս ընդունված է լուսարձակներով նշան անել հանդիպակաց ընթացող մեքենաներին, սա մի կողմից խրատ է, մյուս կողմից զգուշացում,թե ոստիկան կա ճանապարհին: Սա վարորդական համագործակցության եւ համերաշխության դրսեւորում է, մի զլացեք զգուշացնել դուք էլ, խոսքը միայն տուգանվել-չտուգանվելը չէ, զգուշացնելով, դուք որոշ չափով կարգի եք բերում երթեւեկությունը:
  11. Անծանոթ կամ քիչ ծանոթ բնակավայրերում, հատկապես լուսաֆորներ չունեցող բնակավայրերում ծայրահեղ զգույշ եղեք, տեղացիները իրենց սիրած եւ իրենց գյուղինը համարվող ճամփեքին ձեզ համար շատ անսովոր են քշում մեքենաները, էլ չեմ խոսում ավանակների, սայլերի, ձիերի, ջորիների, հեծանիվների մասին: Երբեք մի մտածեք, թե գյուղ տեղ է, ու դուք ձեր շքեղ մեքենայով քաղաքից եկել, ոնց ուզում` քշում եք: Լուսաֆորներով քաղաքներում, միշտ ջանացեք հաջորդ, ապա հաջորդի հաջորդ լուսաֆորները տեսնել հեռվից, կանխատեսել, եւ հաշվել գույների հերթափոխը, հանդարտ մոտենալ լուսաֆորներին, ոչ թե սլանալ դեպի լուսաֆորն ու կտրուկ արգելակել կարմիրի տակ:
  12. Երբ հասնում եք նախրի, որ փակել է ճանապարհը, կանգնեք, մինչև անցնի, երբեք մի տեղափոխվեք հանդիպակաց գոտի, չէ՞ որ դիմացից էլ են մեքենաներ գալիս, և նախիրն անցնելուց հետո կպարզվի, որ երկու գոտիներում էլ երկու կողմից մեքենաներ կան դեմ դիմաց հայտնված: Ճամփեքին պատահում են լավ` մասնագետ նախրապաններ, որոնք անցումները կարգավորում են վարպետորեն, և կան այնպիսիք, որ իրենց պահած նախրից շատ չեն տարբերվում, աշխարհի կենտրոնում իրենց համար նախիրն է, հետո, գամփռ շունը, հետո իրենք, հետո մնացած բաները, ձեր մեքենան այդ շարքում չկա: Բախվելիս էլ, անասունին վնասելիս, ամբողջ գյուղով կգան և կապացուցեն ձեզ, որ իրենց ցուլիկը արդեն հղի էր, 4 հատ հորթ էր ունենալու, որոնք մասնակցելու էին ցուցահանդեսների, մեդալներ էին բերելու, տալու էին տարեկան 5-6 հազարական լիտր կաթ, կարագ, մածուն, գարեջուր և կվաս, կհաշվեն այդպես ու կպարզվի, որ դուք ձեր թոռներով տալիք եք էդ գյուղին մոտ 200 տարի…:
  13. Երբեք մի խաբնվեք արագընթաց և ուղղագիծ ճանապարհներին, որպես կանոն, դրանք ավելի փորձանքոտ ու վտանգավոր են, քան բարդագույն ոլորաններով ճանապարհները: Զգոն հարկավոր է լինել միշտ:
  14. Տարածված մոլորություն կա, թե արագությունն է ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառը: Այդպես չէ, բուն պատճառը նախ անհաջող, անուշադիր եւ անգրագետ վարորդ լինելն է, նրանք, ովքեր չեն հարգում մյուս վարորդներին եւ հետիոտնին, նրանք, ովքեր չգիտեն ճանապարհային երթեւեկության գրված եւ օրենսդրությամբ սահմանված կանոնները, ովքեր համարում են, որ արկածային բաներ եւ իրավազանցություն անելիս անպայման պլստալու են, այս անգամ հաստատ հաջողելու են փորձանքի չգալ, բայց հարկ է մտապահել, որ փորձանքը մեկ անգամ է լինում, հաճախ` բոլորովին անսպասելի: Եթե իրավազանցությունների հետ մեկտեղ նաև արագ են քշում, իհարկե փորձանքներն անխուսափելի կլինեն, ու շատերը, փոխանակ մեղքն իրենց վարքում որոնեն, գցում են արագության վրա: Արդարացի չէ, որովհետև շատերը նույն մեքենաները ոչ պակաս արագությամբ կարող են քշել ու փորձանքի չգալ:
  15. Ինչպես վարվել, եթե գիշերով թիկունքից եկող մեքենան հեռահար լույսերով է վարում, երբ մի քանի անգամ ապարդյուն թարթում եք ձեր մեքենաների լույսերը, իսկ ետևից ընթացող մեքենան չի հասկանում, որ իր հետ եք: Վերը նշված դեպքում, խորհուրդ կտանք զիջեք ճանապարը, թող անցնի գնա: Եթե չեք կարող կամ չեք ուզում առաջ թողնել, դիմացեք մինչեւ առջևից մի մեքենա գա` հանդիպակած գոտիով, եւ մի ակնթարթ վառեք-մարեք ձեր հեռակա լույսերը: Դիմացից եկող մեքենայի վարորդի իր հերթին կվառի իր տրանսպորտային միջոցի հեռահար լույսերը, ինչը 10-ից 8 դեպքում կստիպի մարել ձեր ետևից ընթացող մեքենայի հեռահար լույսերը:
  16. Շատ է պատահում, որ հանդիպակաց գոտուց մեկը վազանցի է ելնում, ձեր դեմը ելնելով ու ակնհայտորեն ձեզ տեսնելով: Անփորձ վարորդը սկսում է տագնապել ու խուճապի մատնվել, լույսերով է սկսում թարթել և արգելակել: Այնինչ հարկավոր է ավելի զգոն լինել, արագ հասկանալ` արդյո՞ք, եթե մի քիչ աջ ընդունեք ճանապարհը կբավականացնի, որ վազանցի ելածն անվտանգ անցնի, որպես կանոն դա հնարավոր է, այդ դեպքում իսկապես հարկավոր է առանց իրար խառնվելու աջ ընդունել, և անգամ աջ թարթիչ միացնել ու շարունակել ընթացքը, այդպիսով լրացուցիչ լարվածություն չստեղծել վազանցողի համար, թողեք գա անցնի, գնա: Եթե հնարավոր չէ աջ ընդունելով այնքան ճանապարհ բացել, որ անցնի, եւ տեսնում եք, որ վթարային է իրադրությունը, հարկավոր է արգելակել ու ելնել ճանապարհի կողեզր, մինչեւ անցնի վտանգը:

 Անվտանգ երթևեկություն ենք Ձեզ մաղթում

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close