Oրենքներ և օգտակար նյութերՀետաքրքիրՕրենքի նախագծեր

Փողոցում ավտոմեքենայի թույլ տված խախտումն արձանագրելու համար կգործի հատուկ բջջային հավելված:

Նկարելուց հետո 1 րոպեի ընթացքում նկարածը չուղարկելու դեպքում այն կչեղարկվի:

ՀՀ ոստիկանությունը հստակեցրել է, թե ինչպիսին պետք է լինի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային հավելվածը: Դրանով ցանկացած քաղաքացի կարող է տեսանկարահանել կամ լուսանկարել իր արձանագրած խախտումն ու ուղարկել ոստիկաններին: Նոր հավելվածի տեխնիկական նկարագիրն ու հնարավոր սահմանափակումների մասին` կառավարության որոշման նախագիծն արդեն ներկայացվել են հանրային քննարկման: Երկուսի հեղինակն էլ ՀՀ ոստիկանությունն է:

Նախագծերի համաձայն` խախտումները բջջային հեռախոսով արձանագրելու նոր կարգը հայաստանյան իրականություն կմտնի այն պահից, երբ բջջային նոր հավելվածը կհանձնվի շահագործման: Բայց դա պետք է լինի ամենաուշը 2021 թվականի հունվարի 1-ին:

Ոստիկանության ներկայացրած այս նախագիծը հանրային հարթակում կքննարկվի մինչև մայիսի 15-ը, ապա կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Բջջային հավելվածը հանդիսանալու է պետության սեփականությունը, բայց այն մշակելու համար մրցույթ կհայտարարվի: Հավելվածի շահագործման ու խախտումների արձանագրման գործում կներգրավվեն մասնավոր ընկերություններ: Համակարգի սերվերը (իր պահոցով) գործարկելու և կառավարելու ծախսը, ոստիկանության հաշվարկով, կկազմի շուրջ 40 մլն դրամ: Ամեն տարի ևս 135 մլն դրամ էլ կծախսվի համակարգի շահագործումը ստանձնած մասնավոր ընկերությունների ու դրանց խախտումների արձանագրման կենտրոններին վճարելու համար:

Այս գումարը, սակայն, ոստիկանության հաշվարկով, այնքան էլ մեծ չէ և կկազմի խախտումներ արած վարորդներից գանձվող ընդհանուր գումարի ընդամենը 30%-ը, քանի որ նոր համակարգի արդյունքում, ոստիկանության հաշվարկով, պետական բյուջեի եկամուտները կաճեն 450 մլն դրամով:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում տեսախցիկների տեղադրումից հետո 2017թ-ին տուգանքների չափը կազմել է 5 մլրդ, 2018-ին՝ 3,2, 2019-ին՝ 4,3 մլրդ դրամ:

Փաստորեն, ոստիկանության հաշվարկով, ՀՀ քաղաքացիների՝ բջջային հավելվածներով ուղարկված խախտումները շուրջ 10%-ով կավելացնեն տարեկան գրանցվող խախտումների ընդհանուր թիվը:

«Ներկայում տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում, այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային»

ասված է ոստիկանության ներկայացրած նախագծի հիմնավորումներում:

Ընդ որում` ըստ հեղինակների` խնդիրն առավել մտահոգիչ է ոչ թե մայրաքաղաքում, այլև Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար:

Բջջային հավելվածի վերաբերյալ ոստիկանությունը հստակեցրել է նաև, որ այն պետք է ապահովված լինի տեսանկարահանման, լուսանկարահանման ու նույնիսկ անընդհատ նկարահանման ռեժիմներով, ավտոմատ կերպով արձանագրի նկարահանման ամսաթիվը, ժամը, րոպեն ու վայրկյանը՝ դրանք վերցնելով համակարգի սերվերից և բացառելով օգտատիրոջ կողմից հեռախոսի սխալ տվյալներ գրանցելու հնարավորությունը: Իսկ նկարահանման վայրի կոորդինատները կֆիքսի GPS համակարգը:

Տեսանյութերի տևողությունը չի կարող գերազանցել 30 վայրկյանը, բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու դեպքերի, որոնց դեպքում տեսանյութի տևողությունը 61 վայրկյան է։ Տեսագրության 25 վայրկյանը լրանալուց համակարգը զգուշացնում է 30 վայրկյանից այն ընդհատելու վերաբերյալ, և օգտատերը կարող է տալ այն շարունակելու հրահանգ։

Իսկ լուսանկարահանման դեպքում ծրագիրը նույն խախտումից թույլ կտա կատարել առավելագույնը 5 լուսանկար:

Ոստիկանությունը չի բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք հավելվածից օգտվելով` կփորձեն վատություն անել ինչ-որ մեկին՝ անընդհատ նրա ավտոմեքենան նկարելով ու ուղարկելով ոստիկաններին: Դրա համար ծրագիրը կունենա արգելափակման հնարավորություն ու կարգելափակի այն օգտատերերին, որոնք ամիսը 3 կամ տարին 30 անգամ կուղարկեն նույն ավտոմեքենայի նկարահանումները:

Նման օգտատերերին հավելվածը կարող է արգելափակել 2 ամիս ժամկետով:

Կարգելափակվեն նաև այն օգտատերերը, որոնք 2 անգամ նկարել են նույն ավտոմեքենան, բայց խախտում չի եղել, կամ 5 անգամ նկարել են մի ավտոմեքենա, որի պետհամարանիշը ոչ մի նկարում չի երևացել:

Խախտումն արձանագրած քաղաքացուն էլ մտածելու համար երկար ժամանակ չի տրվելու: Եթե նա նկարելուց հետո 1 րոպեի ընթացքում չուղարկի նյութը, ապա արձանագրած խախտումը կչեղարկվի:

Հիշեցնենք, որ կառավարության այս նոր որոշումների համար իրավական հիմքերը ստեղծվել էին դեռ 2019թ.-ի հոկտեմբերին, երբ խորհրդարանը համապատասխան փոփոխություններ էր կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»` 2008 թվականին ընդունված օրենքում։ Ինչը նշանակում է, որ կառավարության որոշումն ընդուվելուց հետո կմնա միայն տեխնիկական հարցերի լուծումն ու բջջային հավելվածի ստեղծումը: Դրանից հետո արդեն քաղաքացիները կկարողանան արձանագրել ծանոթ-անծանոթների կատարած խախտումներն ու ուղարկել համապատասխան մարմիններին:

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Կարդացեք նաև
Close
Back to top button
Close