Oրենքներ և օգտակար նյութերՀետաքրքիր

Ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները

Հոդված 23. Ճանապարհային երթեւեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները

1. Ճանապարհային երթեւեկության մասնակիցն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) ազատ եւ անարգել տեղաշարժվելու ճանապարհով.

բ) ստանալու տեղեկություններ ճանապարհի վիճակի, ճանապարհային երթեւեկության սահմանափակման եւ (կամ) արգելման մասին, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման այլ միջոցառումների մասին.

գ) ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համապատասխան իրավասու կազմակերպություններից եւ անձանցից ստանալու անվճար բժշկական, փրկարարական եւ այլ առաջնային օգնություն.

դ) բողոքարկելու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները:

2. Ճանապարհային երթեւեկության մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը չի կարող սահմանափակել կամ խախտել երթեւեկության մյուս մասնակիցների իրավունքները:

3. Ճանապարհային երթեւեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրությունը, մասնավորապես կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված լուսացույցի եւ (կամ) կարգավորողի ազդանշանների, վթարային ազդանշանի եւ «վթարային կանգառ» ճանաչման նշանի, հատուկ ազդանշանների կիրառման, երթեւեկության սկսման եւ շարժման ուղղության փոփոխման, երթեւեկելի մասում տրանսպորտային միջոցների դասավորության, երթեւեկության արագության, վազանցի, կանգառի եւ կայանման, խաչմերուկների անցման, հետիոտնային անցումների անցման, երկաթուղային գծանցներով, ավտոմայրուղիներով եւ բնակելի գոտիներով երթեւեկության, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների առավելության եւ դրանց կանգառի կետերի անցման, արտաքին լուսային սարքերի եւ ձայնային ազդանշանների կիրառման, մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակման, ուսումնական վարման, մարդկանց եւ (կամ) բեռների փոխադրման կանոնների, տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկի, ինչպես նաեւ ճանապարհային նշանների եւ գծանշումների պահանջներն ու իր գործողություններով չստեղծել վթարային իրադրություն:

4. Արգելվում է ապօրինի վնասել կամ աղտոտել ճանապարհի ծածկույթը, վնասել, փակել, հանել կամ տեղադրել ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները, ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթեւեկությանը:

Հոդված 24. Տրանսպորտային միջոցների սեփականատերերի եւ վարորդների հիմնական պարտականությունները

1. Տրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր է ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկի:

2. Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է`

ա) երթեւեկությունն սկսելուց առաջ ստուգել`

1) տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու կամ անօրինական վերասարքավորված չլինելու փաստերը.

2) արգելակային համակարգի, ղեկային կառավարման, լապտերների եւ հետին եզրաչափային լույսերի (օրվա մութ ժամանակ, անբավարար տեսանելիության պայմաններում) կամ վարորդի դիմացի ապակեմաքրիչի (անձրեւի կամ ձյունաթափի ժամանակ), կցման հարմարանքի (ավտոգնացքի կազմում) սարքինությունը, ինչպես նաեւ անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշված պահանջը տարածվում է տրանսպորտային միջոցի վարորդի վրա նաեւ երթեւեկության ընթացքում.

բ) ոստիկանության ծառայողի պահանջով՝

1) օրենքով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներին չխոչընդոտել տրանսպորտային միջոցը եւ բեռը՝ իր ու քաղաքացիների ներկայությամբ զննելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների զննումը կատարվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ).

2) ոչ սթափ վիճակում գտնվելու բավարար հիմքերի առկայության դեպքում ենթարկվել համապատասխան ստուգման՝ սթափության վիճակը որոշելու համար (զինվորական տրանսպորտային միջոցների վարորդների սթափության վիճակը որոշվում է համապատասխան մարմնի ներկայացուցչի ներկայությամբ).

գ) օժանդակելու նպատակով տրամադրել տրանսպորտային միջոցը՝

1) ոստիկանության ծառայողներին՝ շտապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց բժշկական հաստատություն տեղափոխելու համար.

2) բուժաշխատողներին, որոնք բուժօգնություն ցույց տալու համար մեկնում են համընթաց ուղղությամբ (վարորդի համաձայնությամբ).

3) ոստիկանության ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով.

դ) ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում՝

1) անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը եւ չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում հետվթարային անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է միացված լինեն նաեւ օգնության համար դեպքի վայրին անմիջապես մոտ կանգնեցված տրանսպորտային միջոցների վթարային լուսային ազդանշանները).

2) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը (ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական իրավունքի վկայական եւ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր), որից հետո վերադառնալ պատահարի վայր.

3) սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով ազատել երթեւեկելի մասը, եթե մյուս տրանսպորտային միջոցների երթեւեկությունը խոչընդոտված է.

4) պատահարի մասին հայտնել ոստիկանություն եւ սպասել ոստիկանության ծառայողների ներկայանալուն:

3. Տրանսպորտային միջոցից օգտվող ոստիկանության ծառայողը վարորդի պահանջով պարտավոր է նրան տրամադրել համապատասխան տեղեկանք (կտրոն)՝ նշելով ուղեւորության տեւողությունը, անցած տարածությունը, իր ազգանունը, պաշտոնը, ծառայողական վկայականի համարը եւ ստորաբաժանման անվանումը:

Ոստիկանության ծառայողները կարող են օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցների վարորդներին հեռացնել դրանց վարումից` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի սահմանած կարգով։

Տրանսպորտային միջոցների օգտագործման դեպքերում հասցված վնասը ենթակա է փոխհատուցման օրենքով սահմանված կարգով:

4. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժողներ չկան, ապա վարորդները, պատահարի իրավիճակի գնահատման փոխհամաձայնությամբ, կարող են նախօրոք կազմել ու ստորագրել վթարի սխեման, ներկայանալ մոտակա ճանապարհապարեկային ծառայության պահակետ կամ ոստիկանության տարածքային մարմին՝ պատահարը սահմանված կարգով ձեւակերպելու համար:

5. Մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաեւ տրամվայի վարորդը, բացի սույն հոդվածի երկրորդ մասում նշվածից, պարտավոր է՝

ա) իր մոտ ունենալ եւ ոստիկանության ծառայողների, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման՝

1) տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի վկայականը (կամ տրանսպորտային միջոց վարելու ժամանակավոր թույլտվություն՝ անձը հաստատող փաստաթղթերի հետ միասին).

2) տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերը.

3) կազմակերպություններին կամ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցը վարելու համար օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ (քաղաքացիներին պատկանելիս՝ տիրոջ բացակայության դեպքում).

4) ուղեւորների եւ բեռների փոխադրման համար նախատեսված այլ փաստաթղթեր (ծանրաքաշ, մեծ եզրաչափերով ու վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն, ուղեգիր, երթուղային թերթիկ եւ այլն).

բ) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթեւեկելիս լինել ամրակապված եւ չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղեւորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչեւ 12 տարեկան երեխաներին, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը, իսկ բնակավայրերում, բացի այդ, օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին եւ ուղեւորներին.

գ) մոտոցիկլետով երթեւեկելիս լինել կոճկված սաղավարտով եւ չփոխադրել չկոճկված սաղավարտով ուղեւորների:

6. Միջազգային ճանապարհային երթեւեկությանը մասնակցող մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է՝

ա) իր մոտ ունենալ միջազգային ճանապարհային երթեւեկության համար նախատեսված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական իրավունքի վկայական, տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր, իսկ Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ կնքված միջպետական համաձայնագրերի առկայության դեպքում՝ նաեւ այլ փաստաթղթեր.

բ) տրանսպորտային միջոցի վրա ունենալ լատինական տառերով եւ արաբական թվերով համարանիշեր եւ այն երկրի տարբերանշանը, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը:

7. Վարորդին արգելվում է՝

ա) տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում.

բ) տրանսպորտային միջոցի վարումը հանձնել ոչ սթափ վիճակում գտնվող կամ իրենց մոտ տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու համար վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց.

գ) լքել իր տեղը կամ թողնել տրանսպորտային միջոցը, եթե նրա կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք բացառում են տրանսպորտային միջոցի ինքնաբերաբար շարժումը կամ դրա օգտագործումը իր բացակայության ժամանակ.

դ) բացել տրանսպորտային միջոցի դռները ընթացքի ժամանակ.

ե) բացել տրանսպորտային միջոցի դռները նույնիսկ կանգառի ժամանակ, եթե դա կխոչընդոտի ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցներին.

զ) ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից եւ հեռախոսակապից, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների):

8. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը (լծասահնակները) պետք է վարել, իսկ բեռնակիր եւ հեծկան կենդանիներին քշել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով: Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին:

Հեծանվորդների, լծասայլերի (լծասահնակների), բեռնակիր եւ հեծկան կենդանիների շարասյուները երթեւեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում՝ 10-ական հեծանվորդ, բեռնակիր կամ հեծկան կենդանի կամ էլ հնգական լծասայլ (լծասահնակ): Խմբերի վազանցումը հեշտացնելու համար դրանց միջեւ հեռավորությունը պետք է լինի 80 — 100մ:

9. Խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի եւ ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա մոպեդների վարորդները եւ հեծանվորդները պետք է զիջեն ճանապարհով երթեւեկող տրանսպորտային միջոցներին:

Լծասայլի (լծասահնակի) վարորդը մերձակա տարածքից կամ երկրորդական ճանապարհից դուրս գալիս սահմանափակ տեսանելիության տեղերում կենդանիներին պետք է տանի սանձից բռնած:

10. Կենդանիներին ճանապարհով, որպես կանոն, պետք է քշել օրվա լուսավոր ժամերին, ընդ որում` հնարավորին չափ ճանապարհի աջ եզրով:

Երկաթուղային գծանցներով կենդանիներին քշելիս անասունները պետք է բաժանվեն այնպիսի երկարությամբ խմբերի, որպեսզի անասնավարների քանակից ելնելով` հնարավոր լինի ապահովել անցման անվտանգությունը:

11. Մոպեդների վարորդներին եւ հեծանվորդներին արգելվում է՝

ա) երթեւեկել առանց ղեկը բռնելու.

բ) փոխադրել ուղեւորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչեւ 7 տարեկան երեխաների).

գ) փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն, կամ եթե բեռը երկարությամբ կամ լայնությամբ ավելի քան 0,5մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը.

դ) հեծանվային արահետի առկայության դեպքում երթեւեկել ճանապարհով.

ե) կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթեւեկությամբ, ինչպես նաեւ տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթեւեկության գոտի ունեցող ճանապարհներին:

Արգելվում է մոպեդների եւ հեծանիվների քարշակումը, ինչպես նաեւ քարշակումը դրանցով, բացառությամբ կառուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների:

12. Լծասայլերի (լծասահնակների) վարորդներին, բեռնակիր, հեծկան կենդանիներ եւ անասուններ քշողներին արգելվում է՝

ա) կենդանիներին թողնել ճանապարհին առանց հսկողության.

բ) կենդանիներին արածեցնել ճանապարհի կանաչապատված բաժանարար գոտում, ճանապարհին 100մ մոտ մերձակա տարածքներում, ինչպես նաեւ դրանց կուտակել երթեւեկելի մասերում եւ մայթերին.

գ) օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում անասուններին անցկացնել երկաթգծերով եւ ճանապարհներով, իսկ մնացած ժամանակ՝ դրա համար նախատեսված տեղերից դուրս.

դ) այլ ուղիների առկայության դեպքում կենդանիներին քշել ասֆալտբետոնե եւ ցեմենտբետոնե ծածկույթով ճանապարհներով:

Արգելվում է վարել լծասայլ, եթե այն՝

ա) կահավորված չէ կառուցվածքով նախատեսված կայանման արգելակով եւ հակագլորման հենակներով.

բ) առջեւի մասում չունի սպիտակ գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ (օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում երթեւեկելու համար).

գ) հետեւի մասում չունի կարմիր գույնի երկու լուսանդրադարձիչներ կամ լապտերներ:

Հոդված 25. Հետիոտների հիմնական պարտականությունները

1. Հետիոտները պարտավոր են շարժվել մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով: Մեծածավալ իրեր տեղափոխող հետիոտները, ինչպես նաեւ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով երթեւեկողները կարող են շարժվել երթեւեկելի մասի եզրով, եթե դրանց երթեւեկությունը խոչընդոտում է մայթերով եւ արահետներով շարժվող այլ հետիոտների:

2. Մայթերի, հետիոտնային արահետների կամ կողնակների բացակայության, ինչպես նաեւ նրանցով երթեւեկելու անհնարինության դեպքում հետիոտները կարող են շարժվել հեծանվային արահետով կամ ճանապարհի երթեւեկելի մասի եզրով, մեկ շարքով (բաժանարար գոտիներ ունեցող ճանապարհներին՝ երթեւեկելի մասի արտաքին եզրով):

3. Բնակավայրերից դուրս հետիոտները երթեւեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաեւ մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց:

4. Երթեւեկելի մասով կազմակերպված հետիոտնային շարասյուների շարժվելը թույլատրվում է միայն աջ կողմով, շարքում ոչ ավելի, քան 4 մարդ, տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց: Շարասյան ձախ կողմում, առջեւից եւ հետեւից պետք է գտնվեն կարմիր դրոշակներով ուղեկցողներ, իսկ օրվա մութ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում՝ առջեւից սպիտակ, իսկ հետեւից կարմիր գույնի միացված լապտերիկներով:

5. Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով եւ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին եւ չափահասների ուղեկցությամբ:

6. Հետիոտները պետք է երթեւեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ խաչմերուկներում՝ մայթերի կամ կողնակների ուղղությամբ:

7. Եթե տեսադաշտում բացակայում են հետիոտնային անցում եւ խաչմերուկ, ապա բաժանարար գոտի կամ պատնեշ չունեցող ճանապարհները թույլատրվում է հատել երթեւեկելի մասի եզրին ուղղահայաց, երկու կողմերից լավ տեսանելի հատվածներում:

8. Այն տեղերում, որտեղ երթեւեկությունը կարգավորվում է, հետիոտները պետք է ղեկավարվեն կարգավորողի կամ հետիոտնային լուսացույցի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տրանսպորտային լուսացույցի ազդանշաններով:

Չկարգավորվող հետիոտնային անցումներում հետիոտները կարող են դուրս գալ երթեւեկելի մաս` միայն գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջեւ եղած հեռավորությունը եւ համոզվելով, որ անցումը անվտանգ է իրենց համար:

9. Հետիոտնային անցումներից դուրս երթեւեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթեւեկող տրանսպորտային միջոցների համար, իսկ կանգնած տրանսպորտային միջոցի կամ տեսանելիությունը սահմանափակող այլ խոչընդոտի հետեւից կարող են դուրս գալ, եթե միայն համոզված են, որ մոտեցող տրանսպորտային միջոցներ չկան:

10. Դուրս գալով երթեւեկելի մաս՝ հետիոտները չպետք է այնտեղ կանգնեն կամ հապաղեն, եթե անցումն անվտանգ է: Այն հետիոտները, որոնք չեն հասցրել ավարտել անցումը, պետք է կանգ առնեն անվտանգության կղզյակի կամ հակադիր ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա: Անցումը կարելի է շարունակել միայն հետագա երթեւեկության անվտանգության մեջ համոզվելուց հետո:

11. Կապույտ գույնի առկայծող փարոսիկներ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցների մոտենալու դեպքում հետիոտները չպետք է սկսեն երթեւեկելի մասի հատումը, իսկ այնտեղ գտնվողները պետք է զիջեն ճանապարհը նշված տրանսպորտային միջոցներին եւ դրանցով ուղեկցվողներին` անհապաղ ազատելով երթեւեկելի մասը:

12. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ «տաքսու» թույլատրվում է սպասել միայն երթեւեկելի մասից բարձրացված սպասահարթակների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ մայթերին կամ կողնակներին: Բարձրացված սպասահարթակներով չկահավորված կանգառի կետերում թույլատրվում է դուրս գալ երթեւեկելի մաս միայն մոտեցող տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո: Տրանսպորտային միջոցից իջնելուց հետո պետք է անհապաղ ազատել երթեւեկելի մասը:

Հոդված 26. Ուղեւորների հիմնական պարտականությունները

1. Ուղեւորը պարտավոր է՝

ա) կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթեւեկելիս ամրակապված լինել դրանցով, իսկ մոտոցիկլետներով երթեւեկելիս՝ կոճկված սաղավարտով.

բ) տրանսպորտային միջոցի կանգնելուց հետո նստել եւ իջնել միայն մայթի կամ կողնակի կողմից, իսկ եթե դա անհնար է՝ երթեւեկելի մասի կողմից, պայմանով, որ այն կկատարվի անվտանգ եւ խոչընդոտ չի ստեղծի երթեւեկության մյուս մասնակիցների համար:

2. Ուղեւորին արգելվում է՝

ա) վարորդի ուշադրությունը շեղել տրանսպորտային միջոցի ղեկավարումից.

բ) կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում երթեւեկելիս կանգնել, նստել թափքի կողերին կամ դրանցից բարձր գտնվող բեռի վրա.

գ) երթեւեկության ընթացքում բացել տրանսպորտային միջոցի դռները, ինչպես նաեւ դռները բացել կանգառի ժամանակ, եթե դա խոչընդոտ կստեղծի ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների համար.

դ) երթեւեկության ընթացքում դուրս կախվել (դուրս ցցվել) տրանսպորտային միջոցից կամ դուրս նետել ինչ-որ առարկաներ:

Comments

comments

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button
Close